News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Նիստից հետո Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Նշենք, որ այսօր արդեն Փաշինյանը կվերադառնա Հայաստան, իսկ վաղը առավոտյան կմեկնի Լոռի՝ մասնակցելու Վանաձորի օրվան նվիրված միջոցառումներին։

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Բազումի լեռնաշղթայի անտառում բռնկված հրդեհը մարելիս ստացած այրվածքներից մահացել է 22–ամյա հրշեջ–փրկարար Սամվել Դևելյանը, մյուս փրկարարը՝ 27–ամյա Էդգար Գրիգորյանը, ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ այրվածքաբանական կենտրոն։ Նա ծայրահեղ ծանր վիճակում է։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում շոկի մեջ են։ Դեպքը տեղի է ունեցել բաց տարածքում, որտեղ սովորական պայմաններում հրշեջների կյանքին չէր կարող վտանգ սպառնալ։ Պատճառը եղել է քամին, որը բոցի օղակի մեջ է վերցրել հրշեջներին։

Լավագույն բանը, որ կարող է անել Առողջապահության նախարարությունը՝ փակվելն է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Նարեկ Գրիգորյանը, որի 4.5 ամսական երեխան Հերացու պոլիկլինկայում մահացել է պատվաստումից ժամեր անց: Քրեական գործ է հարուցվել, որը վերջերս կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Ըստ երեխայի հոր, նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել էր երեխայի մահացության պատճառը՝ որպես սրտի բնածին արատ, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չկար։ Նարեկն ասել է, որ վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա կարելի է եզրակացնել՝ իր երեխային տվել են 1 տարով ժամկետնանց դեղորայք, եւ որ Հայաստանում գործում է ապօրինի պատվաստման ժամանակացույց։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել BBC լրատվական ծառայությանը։ «Աշխարհը երկբեւեռ չէ, այն սեւ եւ սպիտակ չէ. մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր անվտանգության ճարտարապետության ամբողջականության ապահովման համար գործընկերային հարաբերությունների ամրապնդման վրա»,– ծառայության Hard Talk հաղորդման ընթացքում ասել է Հայաստանի Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը շարունակելո՞ւ է հարաբերություններ զարգացնել ԵԱՏՄ-ում, թե՞ շարժվելու է դեպի արեւմուտք՝ ԵՄ եւ ՆԱՏՕ։ «Մենք համապարփակ, դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, որը մեր արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է, միասին աշխատում ենք ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում։ Հավասարապես, Եվրամիությունն առանցքային կարեւորություն ունեցող գործընկեր է, Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության մատակարարող։ Հավասարապես, Միացյալ նահանգները շատ կարեւոր գործընկեր են Հայաստանի համար»,-ասել է նա:

Մնացականյանն անդրադարձել է նաև Իրանի ու ԱՄՆ–ի հետ Հայաստանի հարաբերություններին։ «Մենք իսկապես շատ ծանր երկխոսություն ենք ունեցել ինչպես իրանցի, այնպես էլ ամերիկացի մեր գործընկերների հետ»,– ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ամերիկացիներն այժմ պահանջում են, որ Հայաստանը պատժամիջոցներ կիրառի Իրանի դեմ, իսկ Հայաստանի վարչապետն ասել է, որ դա չի անի, եւ այդ պայմաններում ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այս հարցում: «Շատ բարդ է, երբ ձեր գործընկերները միմյանց հետ խնդիրներն ունեն: Իրանը դարպաս է, շատ կարեւոր գործընկեր է, մի երկիր, որի հետ մենք կիսում ենք հարյուրամյակների հարաբերություններ, մի երկիր, որտեղ մենք ունենք հայկական ներկայություն, հայկական ժառանգություն։ Մենք նաեւ կարեւորում ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, մենք շատ զգայուն ենք այն ամենի նկատմամբ, ինչ գալիս է Վաշինգտոնից»,– ասել է նա:

Դիտարկմանը, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է», նույնն է, ինչ Ալբանիայի վարչապետն ասեր Տիրանայից, որ Կոսովոն Ալբանիա է», Հայաստանի ԱԳ նախարարն ասել է. «Հայաստանի վարչապետն անընդհատ եւ հետեւողականորեն պնդում է, որ մեզ պետք է ազդակ, Ադրբեջանից փոխզիջման ազդակ, որը մենք չենք լսում: Իրականում, նույն այդ ելույթի ժամանակ, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առանձին կետով, որում նա բավական հետեւողական ներկայացրել էր փոխզիջումային լուծման մեր մոտեցումը»:

Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը,  Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը: «Ամերիկան պետք է դեմ արտահայտվի մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, հատկապես, որ Թուրքիան սպառնում է Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ բնաջնջման արշավով»,- նշել է հայամետ կոնգրեսականը:

NEWS.am–ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախկին նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը նախօրեին ՀՔԾ-ում հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Նրա հարցաքննությունն ընթացել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությանը զուգահեռ, որն էլ նույն գործով ունի կասկածյալի կարգավիճակ։ Այս գործող կալանավորված Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել  իշխանության յուրացմանն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ։ Նրան պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեեւ դեռեւս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, Ազգային ժողովի խմբակցությունների ճեպազրույցում ասել է Էդմոն Մարուքյանը։ «Մենք հասկանում ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է բարձր աշխատավարձեր ստանան, բայց դա չի կարելի գաղտնի անել։ Այ թե որն է հարցը»,- նշել է խմբակցության ղեկավարը։

Ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլի» պագամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ Նաիրի Հունանյանի հանդիպումը կարեւոր էր այն իմաստով, որ խորհրդարանի վրա հարձակումից 20 տարի անց նա վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնելու հնարավորություն ունի: Նա ասել է, որ պետությունն իրավական գործիքներ ունի օրինական հիմքով ցանկությունն իրականացնելու համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը  բազմաթիվ հարցեր ունի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանին։ Նրա խոսքով՝ դժվար է խոսել այս թեմայի վերաբերյալ, քանի որ 20-ամյա վաղեմության դեպքերը խորհրդարանում փոխել են երկրի զարգացման ուղին։ Աբովյանի ձեւակերպմամբ՝ դա ամենացավոտ, ամենասուր եւ ամենավատ օրն էր ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։

Հայկական դրամը աննշան ամրապնդվել է ամերիկյան դոլարի համեմատ, եւ փոքր-ինչ նվազել եվրոյի, եւ բրիտանական ֆունտի համեմատ, ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 475.87 դրամ, Եվրոյինը՝ 528.93, բրիտանական ֆունտինը՝  610.87, իսկ ռուսական ռուբլունը՝ 7.44 դրամ։

Հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ