News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը ուժի մեջ մտավ։ Այս առնչությամբ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն ընդգծել է, որ անհրաժեշտություն կա մեր հանրությանն եւ բիզնեսին ներկայացնել Համաձայնագրի հնարավորությունները եւ նախանշել Հայաստանի Հանրապետության անելիքները:

Ստորեւ ներկայացնում ենք Սուրեն Պարսյանի մոտեցումներն այս հարցում. «2019 թվականի հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտավ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր): 

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորությունները եւ Հայաստանի Հանրապետության անելիքները» թիվ 7 վերլուծության նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի նման փոքր ներքին շուկա եւ տնտեսություն ունեցող երկրների դեպքում ինտեգրացիոն միավորումները նաեւ միջոց են, պատուհան՝ դեպի արտաքին աշխարհ, դեպի՝ նոր շուկաներ: Ասվածի վառ օրինակը կարող է լինել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը:

ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որն ունի ցամաքային սահման Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ավելի մոտիկից ծանոթ է իրանական տնտեսական քաղաքականությանը, ազգային եւ գործարար սովորույթներին, ապրանքներին, նրանց կողմից կիրարկվող կրոնական պահանջներին եւ այլն:

Այս փաստաթուղթն Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առեւտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին:

Համաձայնագրում ամրագրվել է դրույթ, համաձայն որի սահմանի վրա իրանական կողմից գանձվող տուրքերի եւ վճարների չափը պետք է սահմանվի մատուցվող ծառայությունների գնին համապատասխան եւ չկիրառվի որպես ներքին արտադրողների համար սահմանված պաշտպանիչ միջոց կամ լրացուցիչ տուրք:

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաեւ կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների նկատմամբ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ, այսինքն՝ մաքսատուրքերի նվազեցում: Նշված ցանկերում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ապրանքներ:

Իրանական կողմին տրվել է 306 տասանիշ ԱՏԳ դասակարգման ապրանքների սակագնային արտոնություն, իսկ ԵՏՄ-ին՝ 303 ութանիշ դասակարգման ապրանքների սակագնային արտոնություն:

Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ,որոնք ունեն նաեւ մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, հետեւյալն են՝

տավարի միս – մաքսատուրքը 26 տոկոսի փոխարեն լինելու է 10 տոկոս,

հանքային եւ գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ – մաքսատուրքը 55 տոկոսի փոխարեն լինելու է 14 տոկոս,

դեղամիջոցներ - մաքսատուրքը 37 տոկոսի փոխարեն լինելու է 18.5 տոկոս,

տրիկոտաժե արտադրանք - մաքսատուրքը 55 տոկոսի փոխարեն լինելու է 38.5 տոկոս, եւ այլն:

Հարկ է նշել, որ շոկոլադ եւ կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ:

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մաքսային համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ լիազոր մարմինը, ելնելով տնտեսական իրավիճակից, կարող է գերատեսչական հրամանով բարձրացնել եւ իջեցնել մաքսատուրքերը, ինչը անկանխատեսելիություն է հաղորդում ներմուծման գործընթացին: Իրավիճակը հստակեցնելու նպատակով որոշ ապրանքատեսակների մասով առաջարկվել է գործող մաքսատուրքի դրույքաչափի պահպանում (սառեցում): Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը՝ 5 տոկոս մաքսատուրք, մեղրը՝ 55 տոկոս մաքսատուրք:

Համաձայնագիրը միաժամանակ լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանին եւ ԻԻՀ-ին ընդլայնել եւ խորացնել արտաքին տնտեսական հարաբերությունները: ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանը, ունենալով արտոնյալ առեւտրային ռեժիմներ (GSP, GSP+) նաեւ Եվրամիության, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, կարող է եւ պետք է դառնա կամուրջ իրանական ապրանքների համար: Օրինակ՝ ԻԻՀ-ից ներմուծված բանջարեղենը հնարավոր է վերամշակել Հայաստանում եւ արտահանել այլ երկրներ: Հայաստանում արտադրության կազմակերպումը առավել գրավիչ կդարձնի Մեղրիում տեղակայված ազատ տնտեսական գոտին, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտները կազատվեն մի շարք հարկատեսակներից:

Երկար սպասված Համաձայնագրից արդյունավետ օգտվելը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջնահերթություններից մեկը, եւ այս հանգրվանում նպատահարմար է իրականացնել հետեւյալ քայլերը.

Համաձայնագրից բխող սակագնային արտոնությունների մասին տեղեկատվություն տարածել՝ հստակ նշելով մաքսատուրքերի նվազեցումները,

Համաձայնագրին կից հրապարակել նաեւ այլ երկրների կողմից Հայաստանին տրամադրված արտոնյալ առեւտրային ռեժիմի (GSP, GSP+) տակ ընկնող ապրանքների ցանկը,

Իրանահայերի մասնակցությամբ կազմակերպել բիզնես համաժողով` խրախուսելով հայ-իրանական կոոպերատիվ կապերի ստեղծումը,

Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում ֆինանսավորել հայ-իրանական նոր բիզնես նախագծերը,

Հայրենական արտադրությունը պաշտպանելու նպատակով՝ մշակել եւ կյանքի կոչել ոլորտային աջակցության պետական ծրագրեր՝ առաջնահերթ համարելով գյուղատնտեսությունը:

ԵՏՄ եւ ԻԻՀ միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը կոչված է ամրապնդել հյուսիս-հարավ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, առավել հզորացնել մեր տարածաշրջանի տնտեսական գրավչությունը եւ բարձրացնել անվտանգության մակարդակը:

ԵԱՏՄ կողմից Իրանի հետ կնքված համաձայնագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար երկրի տնտեսությունը հասցնել բոլորովին այլ մակարդակի։ Սա հնարավորություն է, որից օգտվելու համար անհրաժեշտ է երկրի առջեւ դրված խնդիրների գիտակցում, դրանք լուծելու հստակ ռազմավարություն, կոնկրետ գործողությունների իրականացման ժամանակացույց, ինչպես նաեւ համապատասխան բարձրակարգ կառավարիչ թիմ, որը ունակ է ամենօրյա քրտնաջան աշխատանքի միջոցով որակապես նոր շունչ հաղորդել երկրի տնտեսական քաղաքականությանը։

Ամբողջական վերլուծության հետ իր հավելվածներով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ