Պաշտոնական դիրքը չարաշահելով պետական գնումների գործընթացին միջամտելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանի պաշտպանն այսօր` հոկտեմբերի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատաքննության ժամանակ միջնորդեց վերացնել Սանասարյանի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը, որով կասեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում նրա լիազորությունները:
«Նախաքննական մարմինը չի ունեցել հիմք, ձևական կասեցրել է: Նշվել է` քանի որ նրա դեմ վկայող անձիք նրա ենթականերն են հանդիսացել, մտավախություն կա, որ նա ազդեցություն կգործի նրանց վրա: Հիմա հանգամանքներ են փոխվել, այսօրվա դրությամբ որոշումն իրեն սպառել է, այդ մարդիկ ազատված են հիմա, առնչություն չունեն ՊՎԾ-ի հետ»,- իր միջնորդությունը հիմնավորեց պաշտպանը` Արսեն Սարդարյանը:
Դատավոր Դավիթ Բալայանը մերժեց միջնորդությունը:
Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը այնուհետեւ միջնորդեց կարճել գործի վարույթը։
«ՊՊԾ ղեկավարի նախաքննությունը չէր կարող իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից այն պատճառով, որ դեպարտամենտի կարգավիճակը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ուստի քննչական գործողությունները կատարվել են քրեադատավարական օրենքի խախտմամբ, ինչի հետեւանքով սույն քրեական գործի վարույթը ենթակա է կարճման։ Պետք է կարճել վարույթը եւ ուղարկել սահմանադրական դատարան»,– ասաց Ինեսա Պետրոսյանը։
Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի պաշտպանը հնարավորություն ունենա իր միջնորդությունը գրավոր ներկայացնելու։
Նշենք, որ այսօր մեկնարկել է Դավիթ Սանասարյանի եւ նրա ենթակաների վերաբերյալ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դավիթ Սանասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, մինչդեռ նրա ենթակաները ընդունում են։
Նշենք, որ այս գործով ամբատսնյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:
Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։




























