News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Հիշեցնենք, որ նույն գործով Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը կալանավորված է։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի եւ Ծառայության մի քանի նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, եւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Խոսքը 2 բուժկենտրոնի համար սարքավորումներ ձեռք բերելու ընթացքում թույլ տված ենթադրյալ ապօրինություններն են։

Դատարանը մերժել է Սանասարյանի փաստաբանի միջնորդությունը՝ վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը, որով կասեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում նրա լիազորությունները: Այնուհետեւ պաշտպանը միջնորդել է կարճել գործի վարույթը։ Դատական նիստը հետաձգվել է, որպեսզի պաշտպանն իր միջնորդությունը գրավոր ներկայացնի։

Արտգործնախարարի պատասխանն անընդունելի սխալ է, Facebook-ի իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը, նկատի ունենալով Զոհրաբ Մնացականյանի հետ BBC-ի HardTalk հաղորդման ընթացքում իրեն վերաբերող դրվագը։ Լրագրողի հարցին, թե վարչապետի մտերիմ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը կարող է նվազեցնել ժողովրդի վստահությունը՝ Մնացականյանը պատասխանել է՝ «բայց համակարգն արձագանքեց»։ «Նախարարի պատասխանն անընդունելի սխալ էր, որից ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ։ Ցանկանում եմ հուշել, որ հաջորդ անգամ այս սխալը չկրկնի, Սանասարյանի մեղք ապացուցված չէ», գրել է Դավիթ Սանասարյանը, նշելով, որ հարցազրույցում իր համար անընդունելի այլ շեշտադրումներ էլ կային:

Չավուշօղլուի հայտարարություններն ամեն ձեւով դատապարտման են արժանի: Մամուլի ասուլիսում ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի թեմայով թուրք նախարարի հայտարարություններին առնչվող հարցին, որոնք նա արել էր անցած շաբաթ Բաքվում: «Նման դիրքորոշումն անընդունելի է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դրանով է պայմանավորված Հայաստանի խորը մտավախությունը, որ Թուրքիան վտանգ է ներկայացնում:

Այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպում դեռ ծրագրված չէ, ասել է Զոհրաբ Մնացականյանը: Բայց արտգործնախարարների հանդիպումները կշարունակվեն։ Մեկնաբանելով ВВС-ի հետ հարցազրույցում՝ հայ հանրության շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տված դրվագներին, Մնացականյանն ասել է, որ կարծիքների բազմազանությունը խոսում է երկրում բազմակարծության եւ ժողովրդավարության մասին:

Բուլղարիան աջակցում է վիզային ռեժիմի ազատականացման հարցով Հայաստանի եւ Եվրամիության երկխոսությանը, Երեւանում հայտարարել է Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա Զախարիեւան: Իր այցի կարեւոր քայլերից մեկը Զախարիեւան համարում է Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ռեադմիսիայի մասին փաստաթղթի ստորագրումը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, որը Ազգային ժողովում երկար խուսափում էր արձագանքել լրագրողների հարցերին, այնուամենայնիվ հերքել է մամուլի տեղեկությունները, թե առաջիկայում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել: Հարցին, թե պետական վերահսկողական ծառայությունը ԱԱԾ-ում ինչ ստուգումներ է իրականացնում եւ արդյոք դա վերաբերում է Վանեցյանի ղեկավարման շրջանին, նա պատասխանել է, որ ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, ինչի վերաբերյալ առաջիկայում հրապարակում կլինի:

Էդուարդ Մարտիրոսյանը հորդորում է քաղաքական հետապնդման ենթատեքստ չփնտրել Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարազատներին ԱԱԾ հրավիրելու հանգամանքում: «Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար նաեւ խնդիր էր առաջացել լսել Հրայր Թովմասյանի երկու դուստրերին եւ հորը: Արդյոք Թովմասյանը ներգրավվելո՞ւ է այդ գործում... ԱԱԾ ղեկավարն ասել է, որ Թովմասյանը հեռախոսազանգերին չի պատասխանում։

Ազգային ժողովի հանձնաժողովներում մեկնարկել են 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները: Առաջին նիստը, որին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը. տեղի է ունենում ֆինանսավարկային հանձնաժողովում: Մյուս տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել պաշտպանական ծախսերը, ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ 2018-ի համեմատ 2020-ին բյուջետային հատկացումների 25,3 տոկոս ավելացում է նախատեսվում: Նշենք, որ 2019-ին Հայաստանը պաշտպանական ծախսերի համար հատկացրել է 300 մլրդից ավելի դրամ կամ մոտ 630 մլն դոլար:

Նախատեսված է հաջորդ տարվա բյուջե ներգրավել 204 մլրդ դրամի վարկային միջոցներ, 34 մլրդ դրամի էլ դրամաշնորհ, տեղեկացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 2020 թվականին կանխատեսվող եկամուտները կկազմեն 1 տրլն 698 մլրդ դրամ, պակասուրդը՝ 183 մլրդ դրամ: Հայաստանի պետական պարտքն անցնող տարում կկազմի ՀՆԱ 50 տոկոսը:

«2020 թվականին կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով, իսկ հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ: Փաշինյանը համարում է, որ այսօր Հայաստանում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում. «այն իրողություն է, որը կարելի է արդեն տեսնել անզեն աչքով: Հայաստանում հսկալական ներդրումներ են կատարվում», ասել է վարչապետը: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել մելքումյանը, սակայն, դժգոհել է ներդրումների ծավալից։

Վարչապետն ասել է, որ իմ հետագա պաշտոնավարման հարցին կանդրադառնանք երկուստեք արդյունքներն արձանագրելուց հետո, լրագրողների հետ զրույցում հիշեցրել է Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը` նշելով, որ ժամկետներից տեղյակ չէ: Հարցին, թե ցանկություն կա՞ պաշտոնավարումը շարունակել արդեն որպես ոստիկանապետ, Սարգսյանն ասել է, որ կանի հնարավորը, որպեսզի ծառայողական պարտականությունները կատարի բարեխղճորեն եւ ավելի լավ:

Համակարգի ղեկավարը խուսափել է դիրքորոշում հստակեցնել իր տեղակալ Հովհաննես Քոչարյանին կարծիք հայտնելու համար աշխատանքից ազատվելու թեմայով։

«Եթե մեկը պատերազմի ժամանակ ինձ ասեին, որ մի ինչ–որ դասալիք քեզ մեղադրանք է ներկայացնելու, ծիծաղս կգար։ Բայց պարզվեց, որ դարձել ենք այդպիսի երկիր», news.am-ին ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: Օրենքով վարչապետը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում ազատել Հանրային խորհրդի նախագահին, սակայն, ըստ Մանուկյանի, եթե Փաշինյանը նման ցանկություն հայտներ, ինքը նույն րոպեին կհեռանար։

Երեւանի Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները, որոնց բնակարանները 10 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով բողոքի ակցիա են անցկացրել իրենց հին տների մոտ` պահանջելով` փոխհատուցում տալ իրենց բնակարանների համար:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար, ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010 թվականից, «Փաստինֆո»-ին հայտնել է ՔԿՀ լրատվության պատասխանատուն: Ըստ Նոնա Նավիկյանի, դեղերը նա ստանում է բժիշկների նշանակմամբ։ Նույն գործով ցմահ դատապարտված Կարեն Հունանյանը այդպիսի դեղեր չի ստանում. Նա առողջական խնդիրներ չունի և ադեկվատ է, ասել է Նավիկյանը:

Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց: Հաշվի առնելով այդ զեկույցը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշել է Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը չներկայացնել դատարան:

Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել են «Իսլամական պետւթյուն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «երկար տարիներ որոնում էր ալ Բաղդադիին», եւ նրան բռնելն ու ոչնչացնելն իր վարչակազմի «ազգային անվտանգության բարձրագույն առաջնահերթությունն էր»: Թրամփը հավաստիացրել է, որ գործողության արդյունքում ալ Բաղդադիի կողքին եղած բոլոր ահաբեկիչները կա՛մ հանձնվել են կա՛մ տեղում ոչնչացվել: Իսկ Իսլամական պետության պարագլուխը գործարկել է մահապարտի գոտին՝ պայթեցնելով իրեն եւ իր երեք երեխաներին:

Կրեմլը համարում է, որ կարելի է խոսել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ նախագահի լուրջ ներդրման մասին, եթե հաստատվեն ամերիկացիների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքրա Ալ Բաղդադիի վնասազերծման մասին տվյալները։ Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այդ նորությունն ինքնին չի կարող ռուսաստանյան իշխանությունների մոտ բացասական արձագանք առաջացնել։

ԱՄՆ-ը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին «պիտանելիության ժամկետի լրանալու» պատճառով, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Թեհրանը ալ-Բաղդադիի ոչնչացման փաստը կապում է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն ու ֆունտը՝ էժանացել գրեթե մեկ դրամով։ Ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կազմել է 476.03 դրամ: Եվրոյի փոխարժեքը 528.01 դրամ է բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 611.65 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.48 դրամ։

Հոկտեմբերի 29-ին Երեւանում ու Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23: Մարզերում գիշերը կլինի զրոյին մոտ, ցերեկը 14-ից 23 աստիճան տաքություն։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ