News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սերգեյ Շոյգուն եւ Դավիթ Տոնոյանը Երեւանում ստորագրել են 2020 թվականի գործակցության ծրագիրը։ Խորհրդարանի փոխանախագահը չի կարծում, որ Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Ոստիկանությունը բացահայտել է 14 տարի առաջ կատարված սպանությունը. Նկուղում թաղված կնոջ կմախք է հայտնաբերվել։ Կեղծ ահազանգ «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի մասին։ Վարչապետ Փաշինյանը կարգադրել է պաշտոնում վերականգնել դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառաբանությամբ աշխատանքից հեռացված մաքսավորին։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Հայաստան պաշտոնական այցի արդյունքներով ստորագրվել է ռազմավարական դաշնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է գործակցության ուղղությունների լայն շրջանակ: Նախարարության վարչական համալիրում Սերգեյ Շոյգուի դիմավորման արարողությունից հետո կայացել են պաշտպանության նախարարների առանձնազրույցը, ապա ընդլայնված կազմով բանակցությունները։ Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության հետագա զարգացման ուղիների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել Սիրիայի հարցին։ Նույն օրը Տոնոյանն ու Շոյգուն մասնակցել են նոր ռազմամարզական վարժարանի հիմնարկեքին։

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, Դաշնության պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա գոհունակություն է հայտնել երկու երկրների ռազմական ու ռազմատեխնիկական գործակցության ընթացքից: Տարածաշրջանային խնդիրներից բացի, Փաշինյանն ու Շոյգուն քննարկել են նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ համատեղ անելիքները:

Սերգեյ Շոյգուի այցը սկսվել է Գյումրիից: Նախարարն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա, այցելել թանգարան եւ ուղղափառ եկեղեցի: Հայաստանի տարածքում տեղակայված հենակայանի ռազմական ներուժը գրեթե կրկնապատկվի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր եւ արդիականացված նմուշներով զինելուց հետո, ինչի մասին, ըստ Ինտերֆաքսի, Շոյգուին զեկուցել 102-րդ բազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը։

Երեւանից բանակի գեներալ Շոյգուն մեկնում է Բաքու, որտեղ կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ այդ նիստին Դավիթ Տոնոյանը չի մասնակցի:

«Գաղտնիք չէ, որ այսօր Հրայր Թովմասյանը եւ դատական իշխանության որոշ ներկայացուցիչներ մնացել են նախկին իշխանության վերջին բաստիոնը», այսօր լրագրողներին ասել է Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ Սիմոնյանի,  նրանք ժամանակին նշանակվել են, որ սպասարկեն այդ իշխանությանը: Նրա նշանակման հետ կապված շատ լուրջ հարցեր կան, ասել է Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելով օղակը չի սեղմվում Թովմասյանի շուրջ։

Հրապարակ թերթը տեղեկացնում է, որ Վենետիկի հանձնաժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահների հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել։ Ջաննի Բուքիքիոն ասել է, որ Հրայր Թովմասյանի դեմ գործընթացները քաղաքական հետապնդման տպավորություն են թողնում  եւ կոչ է արել զերծ մնալ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոտնձգություններից։ Նա ասել է, որ ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, այլեւ եվրոպական մյուս կառույցներն ուշադրությամբ հետեւում են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ Քննչական կոմիտեի հաղորդագրության առնչությամբ Թովմասյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ այն հերթական հիմնազուրկ է և քաղաքականապես ուղղորդված:  «Հաղորդագրությունը ոչ միայն կոպտորեն խախտում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք կարգավորումներ, այլև՝ Թովմասյանի նկատմամբ կիրառվող հերթական ապօրինի ճնշման օրինակ է», -նշված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

Ոստիկանությունը հայտարարել է, որ «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի» տնօրինությունն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, պետությունից թաքցրել 700 միլիոն  դրամի շրջանառություն եւ չի վճարել գրեթե 98 միլիոն դրամի հարկեր եւ 10 միլիոն դրամի պետտուրք։ Հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 14 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության վերաբերյալ: Պարզվել է, որ 2005 թվականին 68 ամյա կնոջը խեղդամահ է արել իր 33-ամյա ազգականը եւ հանցագործությունը թաքցնելու նպատակով դին  թաղել է նկուղում։ Այժմ արդեն 47-ամյա կասկածյալը ձերբակալվել է եւ խոստովանական ցուցմունք տվել։

Դատարանը կդիմի քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի հաջորդ նիստին ապահովվի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ներկայությունը նիստերին, հայտարարել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նշենք, որ Գրիգորյանի առողջական վիճակի  բժշկական փորձաքննության արդյունքներով՝ գեներալի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ։

«Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր։ Ահազանգը «911» ծառայությունը ստացել է 11-ն անց 20-ի եւ  սկսել մարդկանց տարհանում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու  կինոլոգները՝ վարժեցրած շների հետ։ 3-ն անց 17-ի դրությամբ հետախուզական աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Դա աննախադեպ երեւույթ չէ, «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ռուսական ORSIS ընկերության հայտը մերժելու պատմությունը։ Ընկերությունը մտադիր է դիմել միջազգային արբիտրաժ։ «Դա տենդեր է, առաջարկ-պահանջարկի հարց։ Մեկնաբանելու բան չկա։ Այդ ծավալի մեջ մեկ ընկերության հետ մեկ գործարքի հարցը չեմ կարծում, թե այդքան շոշափելի է, որ մենք այն այժմ քննարկենք»,- ասել է Փաշինյանը։

Ֆեյսբուքի իր էջում վարչապետ Փաշինյանը գրել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել է Հայկ Մարտիրոսյանին վերականգնել իր պաշտոնում։ Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Երեւանի Արարատյան ավտոմաքսատանը պետական դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառաբանությամբ, վարչապետը մաքսայինի աշխատակցից պահանջել էր լվանալ դրոշը եւ ազատման դիմում գրել։ Եվ մինչ սոցիալական ցանցերում քննարկում  էր ծավալվում՝  կընդունի՞ նախկին մաքսավորը աշխատանքի վերադառնալու հրավերը թե ոչ, ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ Մարտիրոսյանը սիրով ընդունել է առաջարկը:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարական ներկայացնելու մտադրության մասին։ Երկշաբաթյա համազգային զանգվածային ցույցերի ֆոնին Հարիրին իր ելույթում հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ «փակուղային» իրավիճակի պատճառով։ Վարչապետը լիբանանցիներին կոչ է արել քաղաքացիական հանդարտություն պահպանել եւ կանխել տնտեսության հետագա վատթարացումը։

Ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր աճել, եվրոյի ու ֆունտի փոխարժեքը նվազել, աննշան նվազել է նաեւ ռուբլու փոխարժեքը։ Հոկտեմբերի 29-ին դոլարի փոխարժեքը 476.15 դրամ է, Եվրոյինը՝  527.38, բրիտանական ֆունտինը՝ 610.47, իսկ ռուսական ռուբլունը՝ 7.44 դրամ։

Հայաստանի որոշ վայրերում հոկտեմբերի 30-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Ըստ «Հայպետհիդրոմետի», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +20+22։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ