Զվարճանքի կամ, ինչպես ընդունված է հաճախ ասել` լիցքաթափման վայրերի շարքում Հայաստանում մեծ պահանջարկ են վայելում հատկապես գիշերային ակումբները` շնորհիվ այդտեղ մատուցվող ստրիպտիզի` հեստապարի: Ըստ ոչ պաշտոնական, գիշերային ակումբների կողմից իրականացվող ներքին մոնիտորինգի տվյալների, գնալով մեծանում է նմանատիվ վայրերի այցելուների թիվը:
Ստրիպտիզ ըմբոշխնելու են գալիս հիմնականում ապահովված մարդիկ, որոնց համար ստրիպակումբ գնալը նաեւ պատվի հարց է, եւ նույնիսկ`իմիջի բաղադրիչ: Ի դեպ, ստրիպակումբների մեծ պահանջարկ վայելելու հարցում էական դեր է խաղում նաեւ դրանցում մատուցվող ծառայությունների մատուցվող գները: Այդ ակումբներ մուտքն, օրինակ, սկսվում է 2 հազար դրամից, եւ հասնում մինչեւ 5 հազար դրամի:
Մատուցվող պարի տեսակների հարցում նույնպես գործում է գնային ճկուն համակարգ. «private» եւ «VIP» ծառայությունները տատանվում են 5-20 հազար դրամի սահմաններում: Պարողները, որպես կանոն, հիմնականում Հայաստանից են եւ Ուկրաինայից ու, թերեւս, կարող են բավարարել բոլոր ճաշակների տեր մարդկանց:
Ստրիպակումբներից մի քանիսի շրջանում NEWS.am-ի կողմից անցկացված մոնիտորինգը ցույց տվեց, որ դրանց հաճախորդների մեջ մեծ թիվ են կազմում հիմնականում երիտասարդ եւ միջին տարիքի մարդիկ: Ընդ որում` կանայք նույնպես իրենց սեռի ներկայացուցիչների մերկ պարով հիանալու հարցում հետ չեն մնում տղամարդկանցից: Պարզվում է`Երեւանում արդեն մի քանի օր է`գործում է նաեւ այսպես ասած` տղամարդկանց ստրիպակումբ` «Կապրիզը», որը, ինչպես հայտնեցին ակումբի ադմինիստրացիայից, «Էլլա» գիշերային ակումբների ցանցի մասնաճյուղն է եւ տղամարդկանց ստրիպտիզ մատուցող միակ հաստատությունը:
Այդտեղ մուտք գործելու իրավունք ունեն բացառապես իգական սեռի ներկայացուցիչները: «Տղամարդկանց մուտքը խստիվ արգելվում է»` հայտնեցին ակումբի ադմինիստրացիայից եւ նշեցին, որ «օբյեկտը» գտնվում է անվտանգության աշխատակիցների խիստ վերահսկողության տակ:
Այդ ակումբում նույնպես, ինչպես մյուս «ուղղվածության» ակումբներում, մատուցվում են ստրիպտիզի բոլոր տեսակները` լրիվ մերկ, կիսամերկ եւ այլն: Գործում են նաեւ պարի մատուցման «private» եւ «VIP» ծառայություններ: Մուտքն արժե 3 հազար դրամ, շոուները սկսվում են ժամը 22-ից եւ տեւում այնքան, որքան հաճախորդ կանանց սիրտն է ուզում: Ի դեպ, քանի որ ակումբը կոչվում է «Կապրիզ», այդտեղ ընդունված է կատարել հաճախորդների բոլոր կապրիզները եւ շոուների ցուցադրությունն սկսել ժամը 22-ից ավելի շուտ:
Սակայն այդ սկզբունքը գործում է այն դեպքում, եթե ակումբ է հաճախում «կանանց գրուպա»: Պարզվում է` տղամարդկանց ցուցադրությամբ ստրիպտիզն ավելի թանկ արժե, քան` կանանց: Ակումբի ադմինիստրացիայից հայտնեցին, որ լրիվ մերկ «private» պարը իրենց մոտ արժե 20 հազար դրամ, իսկ մասնակի մերկ «private»-ը` 15 հազար դրամ: «VIP»-ի մուտքն արժե 5 հազար դրամ: Բոլոր պարողներն Ուկրաինայից են եկել, պրոֆեսիոնալ պարողներ են, իսկ մատուցողները Հայաստանից են, եւ կրում են ոչ ստանդարտ`մարմնի բարեմասնություններն ընդգծող հագուստներ:
Ի դեպ, ստրիպտիզ ակումբներից մի քանիսի շրջանում անցկացված մեր հարցումը ցույց տվեց, որ դրանցում որպես կանոն, չի գործում ստրիպտիզի բնագավառում «չգրված օրենք» համարվող կանոնը` պարուհուն կամ պարողին չդիպչելը: Պարզվում է` որոշ ակումբների հաճախորդները կարող են ոչ միայն վիզուալ առումով վայելել մերկապարը, այլ նաեւ ձեռք տալ, շոշափել պարողին կամ պարուհուն: Ընդհուպ` սեռական բնույթի հարաբերության մեջ մտնել նրանց հետ: «Բա հաճախորդը փող ա տալիս, չկպնի՞, ձեռք չտա՞, չզգա՞»,-տարակուսեց ակումբներից մեկի ադմինիստրատորը:
Նկատենք, որ Հայաստանում հեստապարային կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով: Օրենքը մի շարք սահմանափակումներ է սահմանում, մասնավորապես` «արգելվում է հաճախորդի եւ հեստապարի մասնակցի միջեւ ֆիզիկական շփումը, ինչպես նաեւ հաճախորդի մասնակցությունը հեստապարին: Հաճախորդի եւ հեստապարի մասնակցի միջեւ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 2 մետր»: Ինչ արած, փողը ոչ միայն աչք է կուրացնում, այլ նաեւ շրջանցում է օրենքը:
Պատրաստեց` Ելենա Գեւորգյանը




























