News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձեւը միջազգային վերլուծաբանները պատմական են գնահատում։ «եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն», Սերժ Սարգսյանի հայտարարությունը։  Հայկական կողմը զգուշացնում է հակառակորդին. սադրանքներն անպատասխան չեն մնա։ Մեր հասարակությունն այսքան բզկտված երբեք չի եղել. Վազգեն Մանուկյանի երկար սպասված ասուլիսը։

Ձայների ջախջախիչ մեծամասնությամբ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը միջազգային շատ լրատվամիջոցներ ու մեկնաբաններ պատմական են որակում։ Հաղթանակով են ավարտվել լոբբիստների ու հայամետ կոնգրեսականների 3 տասնամյակ տեւած ջանքերը։ Չնայած նման փաստաթղթի ընդունումը Հայաստանը կարեւորել եւ կարեւորում է անվտանգության եւ նման ոճիրների կրկնությունը բացառելու տեսանկյունից, սակայն շատ փորձագետներ համարում են, որ համահայկական շահերի առումով այն հզոր զենք կարող է դառնալ հետագայում պահանջատիրական նկրտումներ առաջ քաշելու եւ միջազգային դատարան դիմելու հեռակարի պարագայում։ Ներկայացուցիչների պալատն օրինագիծն ընդունել է 405 կողմ, 3 ձեռնպահ եւ 11 դեմ ձայներով, ընդ որում, բոլոր դեմերը հանրապետականներ են։

Անկարան համարում է, որ այդ բանաձեւը խաթարելու է թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները, ինչի մասին տեղյակ են պահել արտգործնախարարություն կանչված ամերիկյան դեսպանին։ Էրդողանն էլ պատրաստվում է չեղարկել իր այցը Վաշինգտոն։

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը 168.am-ի   հետ զրույցում ասել է, թե որևէ տեղեկություն չունի, որ Հայաստանի  կառավարությունը որևէ ձևով դերակատարություն է ունեցել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի շրջանառության մեջ հայտնվելու և ընդունվելու հարցում։

Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին արձագանքել են նաեւ այլ անվանի սփյյուռքահայեր՝ Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, եւ ուրիշներ. Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում գրել է. «Այսօր մենք պատմություն կերտեցինք»:

Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, այսօր Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնումից հետո, նրանցից մեկի՝ ձերբակալվելու հեռանկարի վերաբերյալ  հարցին ի պատասխան ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինչպես հայտնի է՝ ոչինչից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988-ից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար։ Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այն պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով։ Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, ասել է 3-րդ նախագահը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ ավելին չի ասի, քանի որ խոստացել է պարզ և անկեղծ զրույց ունենալ Հայաստանի քաղաքացիների հետ, եւ դա կլինի շուտով։

Արցախի սահմանին նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակառակորդը գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ, եւ զգուշացրել Բաքվին, որ սադրանքները շարունակելու  դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների։

Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժն անցած գիշեր խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում մարտական դիրքերի վրա։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կրակոցները շարունակվել են մինչեւ լույս, պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Սադրանքներն անպատասխան չեն մնա, սակայն Բաքվում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստից հետո, նշել է Հովհաննիսյանը։

Արցախի հարցը Հայաստանի անվտանգության հարցն է, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Ըստ նրա՝ վարչապետի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ», հակասում է մեր ընդհանուր քաղաքականությանը:

Մանուկյանին լրագրողները հարցեր են ուղղել վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր առանցքային իրադարձությունների վերաբերյալ, որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ բանավեճի բռնվել։ Հանրային խորհրդի նախագահն ընդգծել է, որ Հոկտեմբերի 27-ի քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձեւով, անարժան մարդկանց ձեռքերով. եթե դատական որոշումները վերանայելու հարց կա, խնդրեմ, պետք է բացել, բայց այն, ինչ կատարվում է՝ խայտառակություն է: Մանուկյանը չի կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության Արման Բաբաջանյանը կարող էր մտնել բանտ, հետո դուրս գալ եւ հայտարարություններ անել: Համաշխարհային սրընթաց զարգացող իրադարձություններին, Հայաստանը, Մանուկյանի համոզմամբ, համարժեք չի արձագանքում։ Նա երբեք մեր հասարակությունն այսքան բզկտված չի տեսել: «Իրար նկատմամբ թույնով լցված, արժեքավոր մարդկանց նկատմամբ քայլերով: Արա Բաբլոյանի դեմ այդ գործը, որ հարուցել են, ուղղակի զարմանք է առաջացնում: Հայաստանի լավագույն բժիշկներից մեկը ինչ-որ ստորակետ սխալ կամ ճիշտ է դրել, դրա պատճառով նրա դեմ գործ են հարուցում: Հանում են Արցախի պաշտպանության նախարարին, որն իրենց կարծիքով մի նախադասություն ճիշտ չի ասել: Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար արժեքավոր, մեծ ջանքերով մեծ արդյունքների հասած մարդկանց»,- ասել է Վազգեն Մանուկյանը: Մանուկյանը համարում է, որ Փաշինյան ուներ մեծ շանս, որը նորանկախ Հայաստանում ոչ մեկը չի ունեցել, սակայն հետագա զարգացումներից հիասթափություն է ապրել։ 

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ առկա  դրույթներին հետևելը բխում է մեր պետության շահերից, «Փաստինֆո» ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ:

Թեեւ Իմ քայլից պատգամավորներից մեկը Սահմանադրության շուրջ առաջացած թնջուկի թեմայով Վենետիկի հանձնաժողովին դիմելը համարել էր «մեր վրա տղա բերելու» հնարք, այնուամենայնիվ արդարադատության նախարարը բավական զուսպ է արձագանքել Սահմանադրական դատարանին եւ դրա նախագահին ճնշումների չենթարկելու հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի կոչին։ Ռուստամ Բադասյանը ողջունել է Բուքիքիոյի հայտարարությունը, այն համարել շատ կարևոր, ընդգծել, որ կառավարությունում ի գիտություն են ընդունել նրա դիտարկումները։ 

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար Սահմանադրական Դատարանի թույլտվությունը պետք չէ, լրագրողներին ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Որպես մեղադրյալ ներգրավելու մասին հարցին Խաչատրյանը չի պատասխանել.  «Դա իրավական վեճ է, դրա մասին հիմա չեմ խոսի», ասել է նա։

Արձագանքելով Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն ու տեսակցություններն արգելելը գնահատում է քննիչը, Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասել է, որ իրենք շատ լավ գիտեն՝ ինչ է անում քննիչը, եւ  ինչ են նրան հրահանգում։  Հետագայում նոր գործեր բացվելու դեպքում որեւէ մեղք կամ պատասխանատվություն քննիչի վրա բարդել չի ստացվելու, ասել է Վարոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հռետորական հարց է հնչեցրել՝ ո՞վ է ասում, որ սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, այն դատավո՞րը, որը նիստերին չի մասնակցում, ապա ինքն էլ պատասխանել՝ այդ դատարանի ամենամեծ ճգնաժամն այդ դատավորն է, այդ ինքնահռչակ նախագահը։ Պետրոսյանի համոզմամբ՝ եթե Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ նիստերին, չի կարող այդ մարմնի մասին դատողություններ անել

Եկող տարի վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը կավելանա 4 մլրդ դրամով կամ 8 միլիոն դոլարով։ Ազգային ժողովում շարունակվում են 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։ Ընդդիմության տվյալով, վերջին մեկ տարում խորհրդարանի գործուղումների ծախսերն ավելացել են վեց անգամ։

Նախագահի աշխատակազմի կարիքների համար նախատեսվում է հատկացել 1 մլրդ 576 մլն դրամ, 430 մլն-ով ավելի է, քան 2019-ին։ Ավելացել են նաեւ Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության ծախսերը, Սահմանադրական դատարանին, Հատուկ քննչականին ու քննչական կոմիտեին հատկացվելիք ծախսերը՝ պակասել։

Ամերիկյան դոլարի փոխարժեքն աննշան աճել է եւ կազմել 476.20 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է գրեթե 2 դրամով եւ կազմել 529.20 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է ավելի քան 3 դրամ, մեկ ֆունտի փոխարժեքը 613.63 դրամ է, իսկ ռուսական ռուբլունը՝ 7.46 դրամ։

Հայաստանին է մոտենում արկտիկական ճակատ, որը մեր երկիր կհասնի նոյեմբերի սկզբներին, իսկ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ըստ նախնական կանխատեսումների՝ առաջիկա շաբաթ օրը եղանակը կտրուկ կցրտի, լեռներում առաջին ձյունը կտեղա: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ 20-ից 22 աստիճան զրոյից բարձր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ