News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այդ թեմայով հոդվածներ են հրապարակել New-York Times-ը, Washington Post-ը, Bloomberg-ը, Daily Beast-ը, Guardian-ը եւ այլ հեղինակավոր համաշխարհային լրատվամիջոցներ։ NEWS.am-ը հատվածներ է բերում մի քանի ԶԼՄ-ների առավել հետաքրքիր հրապարակումներից։

«Այս բանաձեւը հսկայական նշանակություն ունի ամերիկահայերի համար։ Սակայն դա նաեւ հիշեցում է այն մասին, թե որքան կարեւոր է ամերիկյան արտաքին քաղաքականության համար ճշմարտությունն ասելը, եւ վերջնական արդյունքում որքան ինքնակործանիչ է Միացյալ Նահանգների համար ավտոկրատ ճնշման մարտավարության հետ համակերպվելը, լինի դա Թուրքիայից կամ մեկ այլ տեղից»,- New-York Times-ում գրում է Սամանտա Փաուերը

«Ներկայացուցիչների պալատում այս բանաձեւի ուղին առաջարկում է երկու դաս, որոնք դուրս են գալիս ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների սահմաններից։

Առաջինը՝, որպես բազային կանոն, հանուն Ամերիկայի ընդհանուր հեղինակության եւ մեր դիվանագետների հանդեպ վստահության, Վաշինգտոնի պաշտոնատար անձինք պետք է իրավասու լինեն ասել ճշմարտությունը։

Երկար տարիների ընթացքում Թուրքիայից օտարացման վախից դիվանագետներին ասվել է խուսափել լավ փաստաթղթավորված ցեղասպանության հիշատակումից։ 2005թ․, երբ Հայաստանում ամերիկյան դեսպան Ջոն Էվանսը հայտարարեց, որ «հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր», նա հետ կանչվեց եւ ստիպված էր վաղաժամ թոշակի անցնել։

Երկրորդը, երբ ավազակները զգում են, որ իրենց մարտավարությունն աշխատում է, նրանք սովորաբար ավելի շատ են ահաբեկում՝ դաս, որը պետք է նկատի ունենալ Չինաստանի եւ Սաուդյան Արաբիայի կողմից սպառնալիքներին արձագանքելիս։ Թուրքական կառավարությունն ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում ամերիկյան պաշտոնյաների եւ օրենսդիրների շրջանում լոբբիի համար՝ ավելի քան 12 միլիոն դոլար Օբամայի օրոք եւ համարյա նույնքան էլ Թրամփի նախագահության առաջին երկու տարիներին։

Հեշտ է հասկանալ, թե ինչու է ցանկացած գլխավոր հրամանատար խուսափում խզել կապերը Թուրքիայի՝ անհանգիստ հարեւանության մեջ կարեւոր դաշնակցի հետ։ Սակայն Թուրքիան կարող է շատ ավելին կորցնել, քան Միացյալ Նահանգները։

ԱՄՆ-ը օգնել է ստեղծել Թուրքիայի զինված ուժերը, բերել է նրանց ՆԱՏՕ եւ գլխավորել է կոալիցիան, որը հաղթել է «Իսլամական պետությանը»։ Վերջին հինգ տարիներին ամերիկյան ընկերությունները Թուրքիայում մոտ 20 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարել։

Պալատում քվեարկությունն ուշացած էր։ Այժմ Սենատը եւ նախագահ Թրամփը պետք է հետեւեն այդ օրինակին։ Փաստերն են դա պահանջում։

Բանաձեւը թուրքական կառավարության կողմից տասնամյա ինտենսիվ լոբբիի գագաթնակետն էր, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցավ, եթե ոչ ավելին»,- գրում է Washington Post-ը։

«Զարգացումը փոփոխվեց հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո։ Չխորհրդակցելով Կոնգրեսի հետ՝ Թրամփը զանգահարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ համաձայնեց ԱՄՆ-ի համարյա բոլոր զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսային մասից, եւ, ըստ էության, թույլ տվեց թուրքական ուժերին գրոհել քրդերին, որոնք երկար տարիներ ԱՄՆ-ի դաշնակիցներն էին ԻՊ-ի դեմ պայքարում։

Դրանից հետո Թուրքիան կորցրեց իր արդեն երերուն աջակցությունը Կապիտոլյան բարձունքում։ Պատնեշը կոտրեց պատժամիջոցների մասին առաջարկությունների հոսքը՝ նոր թափ հաղորդելով Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժպտաց եւ թոթվեց ուսերը, երբ նրան հարցրեցին, հեշտացրեցի՞ն արդյոք Թրամփի գործողությունները ցեղասպանության ճանաչման ուղին։

Բանաձեւը դեռեւս բախվում է Սենատում հաղթական ընդունման դժվարին վերելքի հետ, սակայն այս հասարակ հաղթանակը սեյսմիկ առաջընթաց էր Վաշինգտոնի ինսայդերների դեմ, որոնք խոչընդոտում են այն, ինչը մարդկանց մեծ մասն ակնհայտ է համարում»։

Al-Monitor-ն այս բանաձեւի համատեքստում արժանին է մատուցում այս ուղղությամբ Քիմ Քարդաշյանի ջանքերին։ «Երկար տարիների ընթացքում Քարդաշյան-Ուեսթը, հիշելով իր հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին, հրապարակայնորեն պնդում էր, որ Միացյալ Նահանգները որպես ցեղասպանություն ճանաչեն 1,5 հայերի հանդեպ հաշվեհարդարը։ Սակայն այս քարոզչությունը նոր որակ ձեռք բերեց վերջին ամիսներին, երբ Քարդաշյանը այս հարցը քննարկում էր Հայաստանում բարձրագույն պաշտոնատար անձանց հետ դեմ առ դեմ հանդիպումներում, Կոնգրեսի անդամների հետ անձնական զրույցներում եւ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին ուղղված տեքստային հաղորդագրություններում։

Հուլիսին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա ասել էր, թե վերջերս գրել է Քուշներին հայկական հարցի մասին։

Քարդաշյանը խոստացել էր այդ հարցը բարձրացնել Սպիտակ տուն այցի ժամանակ։ «Ես ուզում եմ դա իմ առաքելությունը դարձնել։ Հայրս կհպարտանար ինձնով»,- ասել էր նա։

Հոկտեմբերի սկզբին Հայաստան իր այցի ժամանակ նա բանավոր պայմանավորվածություններ էր ձեռք բերել քաղաքական առաջնորդների հետ, որպեսզի Հայաստանի կառավարության փաստարկները առաջ քաշի ԱՄՆ պաշտոնատար անձանց մոտ»։

CNN-ը նշում է, որ Ներկայացուցիչների պալատը ուժեղ հաղորդագրություն է ուղարկել թուրքական կառավարությանը՝ կապված ամերիկյան օրենսդիրների եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վատացման հետ։

«Ներկայացուցիչների պալատը առաջին անգան քվեարկեց երկկուսակցական հիմքով, որպեսզի ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Սա նշանակալի քաղաքական իրադարձություն է, քանի որ Թուրքիան պնդում է, թե զանգվածային սպանությունները ցեղասպանություն չեն եղել, եւ վիճարկում է զոհերի թիվը՝ մոտեցնելով այն 300 000-ին։

Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւը տասնամյակներ շարունակ գոյություն ուներ տարբեր ձեւերով, սակայն Կոնգրեսի երկու կուսակցությունների առաջնորդները խուսափում էին դրա ընդունումից՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի շահերի համար Թուրքիայի ռազմավարական նշանակության եւ ՆԱՏՕ-ին նրա անդամակցության պատճառով»։

«Ցեղասպանության ճանաչման բանաձեւը ձեւականորեն Ներկայացուցիչների պալատ էր մտցվել դեռեւս հունվարին, սակայն ընդունվեց միայն այժմ՝ Թուրքիայի քաղաքականությունից դժգոհության, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ գործողությունների պատճառով»,- հայտնում է BBC-ն։

Եթե անցյալում ցեղասպանության ճանաչումը զոհաբերվում էր Թուրքիայի հանդեպ արտաքին քաղաքականության նկատառումներին, ապա այժմ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց դրա օգտին՝ նույն նկատառումներից ելնելով, կարծում է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ  եւ բրիտանական Conciliation Resource կազմակերպության կովկասյան ծրագրի տնօրեն Լոուրենս Բրոերսը։

Սակայն Ամերիկայի կողմից ցեղասպանության ճանաչումը չի մոտեցնում վերջնական նպատակը՝ իր պատմությունը քննադատորեն գնահատելու Թուրքիայի պատրաստակամությունը։ Իսկ այսօրվա գեոքաղաքական համատեքստում բանաձեւը կարող է մեկնաբանվել որպես Թուրքիային պատժելու փորձ, հավելել է փորձագետը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ