News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք պետք է պինցետով արմատախիլ անենք տգիտության քարոզը պետական կառավարման համակարգից. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել նախկին մարզպետի օգնականի պաշտպանը։ Օգնականը մեղադրվում է բանակի փոխգնդապետին ծեծելով մահվան դուռը հասցնելու համար։ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել։ Դատախազությունն էլ զբաղվում է նրան շանտաժի ենթարկելու հարցով։ ԲՀԿ-ական պատգամավորը կոչ է անում մարդկանց այլեւս չկերակրել ձերբակալությունների տեսարաններով։

Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր են հեռախոսով քննարկել վարչապետեր Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդեւը։ Դաշնակից պետությունների կառավարությունների ղեկավարներն, ըստ ՌԻԱ «Նովոստիի», զարգացրել են Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում՝ հոկտեմբերի 25-ի իրենց զրույցը։

Ապրիլին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ձեւավորվել են «մի ամբողջ շարք հումանիտար միջոցների հեռանկարներ», ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցություններից հետո։ Ապրիլին քննարկվել են զոհվածների մարմինների ու պատանդների փոխանակման, լրագրողների փոխայցերի հնարավորությունները։ Ըստ Լավրովի՝ այժմ ընդամենը լրագրողների թեմայով երկխոսություն է ընթանում։

«Ժողովուրդը մեզ տվել է երկիրն առաջ մղելու մանդատ եւ բոլոր նրանք, որ մեր ոտքերից կկախվեն եւ կփորձեն թույլ չտալ, որ երկիրն առաջ գնա, թափ կտանք մեր ոտների վրայից»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ տարեցների կենտրոնների ու մանկատների լուծարման թեմայով քննարկման ժամանակ: Ըստ վարչապետի՝ այնպես չէ, որ իդեալական համակարգ է ստեղծվելու, բայց վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան»: Կառավարությունն այսօր որոշել է լուծարել 4 գիշերօթիկ հաստատություն եւ մեկ մանկատուն: Ազատված գումարները կուղղվեն նույն երեխաների օժանդակությանը, բայց արդեն իրենց ընտանիքներում, նաեւ ցերեկային աջակցման կենտրոններ:

Կառավարությունը Վայոց Ձորի մարզպետ է նշանակել Արարատ Գրիգորյանին: Նա փոխարինել է Տրդատ Սարգսյանին, որը հրաժարական էր տվել սեպտեմբերին տեղի ունեցած սկանդալային պատմությունից հետո։ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը՝ խմբով, ծեծի էր ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը կոմայի մեջ է եւ արդեն մեկուկես ամիս գիտակցության չի գալիս, իսկ Տրդատ Սարգսյանը, ինչպես պնդում են փոխգնդապետի ընկերները, եղել է դեպքի վայրում։ Պարզվել է, որ նորանշանակ մարզպետը նախկին մարզպետի կալանավորված օգնականի փաստաբանն է։

Նախկին ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի պետական ֆինանսավորման շուրջ շահարկումներով քաղաքական դիվիդենտներ հավաքողները հետադիմության առաջամարտիկներ են, ասել է Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ մամուլում դժգոհություններ էին հնչել, որ ազգային գաղափարներով ֆիլմերի ֆինանսավորման փոխարեն պետությունն օգնում է սեռափոխված, արտասահմանում ապաստան հայցած անձնավորության մասին ֆիլմի նկարահանմանը:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում լարված մթնոլորտվում քննարկվել են սահմանապահ դիրքերում զոհված զինվորների մայրերի պահանջները: Զոհված զինվորների գործերով զբաղվող քննիչների, հանձնաժողովի մյուս անդամների եւ զոհված զինծառայողների ծնողների միջեւ վիճաբանություն է սկսվել. Արդար քննություն պահանջող ծնողները մեղադրել են քննիչներին, իսկ քննիչներն ասել են, որ այսպիսի պայմաններում քննարկում կազմակերպել հնարավոր չէ։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կոչ է անում մարդկանց այլեւս չկերակրել տեսարաններով։ «Մարդ կա կյանքում հեծանիվ չի նստել, այսօր ինքնաթիռից չի իջնում: Իհարկե, այս մարդիկ իրենց լավ են զգում, բայց արդյոք այս մի քանի մարդու բարեկեցության համար է հեղափոխությունն արվել»,-ասել է նա:

Պետական վերահսկողական ծառայության կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է վրաերթի ենթարկված երեխայի մոր փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին, Կիևյան փողոցի բակերից մեկում։ Ըստ մամուլի՝ մայրը երեխային տեղափոխել է հիվանդանոց, որտեղ այցելել է Դավիթ Սանասարյանը և բժիշկների հետ պայմանավորվել դեպքի մասին չհայտնել ոստիկանությանը:

Դատախազությունից էլ հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել Դավիթ Սանասարյանին շանտաժի ենթարկելու համար։ Իրավապահները ստուգելու են վերահսկողականի պետի՝ մամուլից հայտնի հայտարարությունն առ այն, որ հիշյալ վրաերթից չբողոքելու դիմաց երեխայի ծնողներն իրենից փող են պահանջել։

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան 5-ի սահմանում Երևանի կենդանաբանական այգու տարածք է ներթափանցել 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ եւ հոշոտել 3 կարմրավիզ կենգուրուների։ Շներից 3-ին հաջողվել է բռնել: Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն: Կենգուրուների կյանքը փրկելու ջանքերն արդյունք չեն տվել։

Ամերիկյան դոլարի փոխարժեքն աննշան նվազել է եւ կազմել 476.10 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աճել է երկուսուկես դրամով եւ հասել 531.71 դրամի, բրիտանական ֆունտինը եւս աճել է եւ կազմել 616.17 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ։

Հայաստանում նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում են թույլ անձրեւներ: Իսկ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +19+21:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ