News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը քիչ առաջ միացավ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ կազմակերպված ստորագրահավաքին: Նշենք, որ այս պահին բողոքի ակցիա է ընթանում ԱԺ շենքի մոտ՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ: Այն կազմակերպել է «Կամք» նախաձեռնությունը:

Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ Կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ մեր արժեհամակարգին: NEWS.am-ի դիտարկմանը, որ միայն 2018-ին Հայաստանում 400-ից ավելի քրեական գործեր են հարուցվել կանանց նկատմամբ բռնության դեպքերով, նա արձագանքեց. «Մենք ունենք ընտանեկան բռնությունը պատժող օրենսդրություն, եւ դրա անվան տակ չի կարելի վավերացնել մի բան, որն, ըստ էության, ուղղված է մեր ազգային արժեհամակարգը կործանելուն:

Եթե ընտանիքում կա բռնություն, կապ չունի՝ կնոջ նկատմամբ, երեխայի նկատմամբ, մեր օրենսդրությունը բավարար է դրանք կարգավորելու համար: Մեզ պետք չի այլ նորմատիվ ակտ, որ մենք կարողանանք արդյունավետ պայքար մղել ընտանիքում բռնության դեմ: Այս կոնվենցիայի ընդունումը ոչ թե ընտանիքում բռնության կանխարգելումն է, այլ դրա անվան տակ այլ բարքեր Հայաստան ներմուծելն է, որին ԲՀԿ-ն  կտրականապես դեմ է: Ի՞նչ է նշանակում զուգընկերներով ընտանիք: Մենք պարտավոր ենք մեր երեխաներին ժառանգենք ավանդական ընտանիք»,-հայտարարեց նա:

ԲՀԿ-ական պատգամավորը հստակեցրեց, որ սա իմ անձնական կարծիքն է, բայց ինքը լիահույս է, որ ամբողջ խմբակցությունը այդ կարծիքը կկիսի:

«Պարոն Ծառուկյանը որպես ավանդական ընտանիքի ղեկավար միշտ էլ կանգնած է եղել ավանդական ընտանիքները պահպանելու գաղափարի կողքին: Նա դեմ է արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիային: Ես չեմ կարծում, որ մեր խմբակցությունում որեւէ մեկը շեղվի դրանից»,-ընդգծեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ