Բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է: Այդ մասին խորհրդարնում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
«Երբ լսում էի մյուս մեղադրանքները, քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրեր: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ պետք է Դավիթ Սանասարյանին հարցնել, թե ինչո՞ւ է նման մեղադրանքներ հնչեցնում. «Ես իրեն մի անգամ հանրային խորհուրդ տվել եմ, բայց կարծես թե չի ուզում օգտվել այդ խորհրդից»:
Հարցին՝ այս հակասություններն արդյո՞ք չեն ազդի կուսակցության գործունեության արդյունավետության վրա, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ որևէ հակասություն չկա, իրավական գործընթաց է, որը պետք է ընթանա, և եթե պարզվի, որ կա որևէ մեղավոր, ապա նա պետք է պատժվի եւ պրոցեսի բոլոր մասնակիցները
Թորոսյանը հերքեց նաև այն լուրերը, որ Պետական վերահսկողության ծառայությունը նախարարությունում ստուգումներ է սկսել:
Նախարարը տեղեկացրեց, որ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով ցուցմունք արդեն տվել է, քանի որ վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, և եթե կանչեն դատարան, ապա կգնա և նույնը կասի: Ավելին՝ Դավիթ Սանասարյանի հետ արդեն առերեսվել են: