News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառվող այն տեսակետին, թե իր գլխավորած կառավարությունը գեներալիտետին թուլացնում եւ վարկաբեկում է։

Այսօր` նոյեմբերի 3-ին, «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա, մասնավորապես, հիշեցրեց, թե իր նախաձեռնությամբ ում և ինչ զինվորական կոչումներ են շնորհվել։  

«Ըստ շրջանառվող մեկ այլ թեզի՝ մեր կառավարությունը գեներալիտետին թուլացնում է եւ վարկաբեկում է: Սա ասվում է այն համատեքստում, որ կան քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Բայց միթե մենք չե՞նք պայմանավորվել, որ ՀՀ-ում պետք է օրենքի առաջ բոլորը լինեն հավասար: Ես չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս համատեքստում ես ուզում եմ արձանագրել` այս մեկուկես տարվա ընթացքում ինչ վերաբերմունք է ձեւավորվել կամ ինչ գեներալիտետ է ձեւավորվել: Ես ուզում եմ արձանագրել, որ, իհարկե, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ըստ էության ե՛ւ դե ֆակտո, ե՛ւ դե յուրե իմ նախաձեռնությամբ ՀՀ մի շարք զինվորականներ ստացել են գեներալական կոչումներ: Օրինակ,  կապի զորքերի հրամանատար Թեմուր Շահնազարյանը ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում, հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը ստացել է գեներալ-մայորի կոչում, հրթիռային զորքերի եւ հրետանու պետ Արմեն Հարությունյանը ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը նույնպես իմ որոշմամբ ստացել է գեներալ-մայորի կոչում: Այս որոշման հետ կապված քաղաքական վերլուծություններ արվեցին, որ պարոն Խաչատուրովի հայրը Յուրի Խաչատուրովն է, գիտեք հայտնի գործով անցնում է, բազմաթիվ վերլուծություններ արվեցին, եւ ոչ մեկի մտքով չանցավ, որ այս որոշմամբ ընդամենը Գրիգորի Խաչատուրովի աշխատանքն է գնահատվել, ոչ պլյուսով, ոչ մինուսով, ուղղակի կորպուսի հրամանատարի աշխատանքն է գնահատվել, էլ չեմ ասում, որ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին նույնպես շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում եւ ի վերջո՝ կրկին իմ որոշմամբ Վաղարշակ Հարությունյանի զինվորական, գեներալական կոչումը վերականգնվել է»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այս հարցում նույնպես ընդհանուր պատկերացումներ ունեն Արցախի իշխանությունների հետ, և Արցախում ևս գեներալիտետի ձևավորման գործընթաց է տեղի ունենում․ «Պաշտպանության բանակի ամենահայտնի դեմքերից մեկին՝ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել, նա նշանակվել է ՊԲ հրամանտարի տեղակալ, շտաբի պետ, իսկ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին Արցախի իշխանությունների կողմից շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում»:

Տպել
Ամենաշատ