News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են։ Ուղիղ եթերում վարչապետի «զրույցը քաղաքացու հետ»՝ «Շահարկումներ Ղարաբաղի հարցում» թեմայով։ Խոհանոցային խոսակցություններ... պաշտպանության նախարարը՝ գեներալիտետ-քաղաքական իշխանություն հարաբերությունների մասին։ Տոնոյանը համարում է, որ արտգործնախարարությունն ու նախարարը հետաքրքիր գործընթացի մեջ են։ «ՀուԶԱՆՔ ու Զանգը» պետության վրա նստել է 2,7 միլիոն դրամ. ստորագրահավաք Կրթության ու մշակույթի նախարարի հրաժարականի պահանջով։

Հանգստյան օրերին ավանդական լայֆերով եթերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆեյսբուքի ուղիղ եթերում նա մանրամասն ցուցադրել է կառավարական ամառանոցն ու շրջակայքը, մանրամասնել, որ նորոգման համար ծախսվել է ոչ թե 2 միլիոն դոլար, այլ տասնապատիկ պակաս՝ 200 հազար, ընդ որում,  աշխատակիցների համար նորմալ կենցաղային պայմաններ են ստեղծվել եւ այլն։ Փաշինյանն ընդգծել է, որ ամառանոցն իրենը չէ, այլ պետությանը։

Իսկ կիրակի՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» խորագրով ուղիղ եթերում վարչապետը հայտարարել է, որ Արցախի հարցում հայկական երկու հանրապետությունների մոտեցումները նույնական են։  Փաշինյանը հիշեցրել է, թե իր նախաձեռնությամբ ում և ինչ զինվորական կոչումներ են շնորհվել։  Թվարկածների շարքում վարչապետը հիշատակել է նաեւ գեներալի կոչում ստացած մի քանի զորատեսակների հրամանատարներին, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, որը Յուրի Խաչատուրովի որդին է, նաեւ Վաղարշակ Հարությունյանին, որի գեներալական կոչումը վերականգնվել է:

Իշխանության հանդեպ գեներալիտետի դժգոհությունները, լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարարը բացառել է. չկա այդպիսի բան, ասել է Դավիթ Տոնոյանը: «Ինձ թվում է՝ որոշ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են եւ հասնում վարչապետին, իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն: Կարող է կան գեներալներ, որոնց մոտ կա այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություններ լինեն», ասել է նա:

Պաշտպանության նախարարը համաձայն է վարչապետի տեսակետին, որ Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Իսկ որ տարբերակն է իր համար ընդունելի՝ հարցին,  Տոնոյանը պատախասխանել է. «Պատերազմի վերսկսման անհնարինությունը»։

Դավիթ Տոնոյանը համաձայն չէ «վերելակային բանակցություններ» ձեւակերպման հետ. Նրա բնորոշմամբ՝ շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում: Մեր դիվանագիտական ծառայությունը եւ արտգործնախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են, ասել է պաշտպանության նախարարը, ավելացնելով, որ բիբիսիի «Hard talk ծրագրում խոսակցությունը միտված էր արտաքին աշխարհին, ոչ թե ներքին»:

Դավիթ Տոնոյանը  խնդիր չի տեսնում, եթե իրեն հրավիրեն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի ժամանակավոր քննիչ հանձնաժողով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Նախարարության համակարգում պարզ է՝ ինչ է կատարվել, ինչպես է կատարվել, մնում է հանրության համար ամեն ինչ պարզ լինի: «Բոլոր ասեկոսեներն ու բանսարկությունները՝ ապրիլյան գործողությունների հետ կապված, կփարատվեն»,- ասել է  Տոնոյանը:

«Մարտի 1»-ի գործով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ որպես մեղադրյալ ներգրավվածության առնչությամբ՝ Դավիթ Տոնոյանն ասել է, թե քննությունը շարունակվում է եւ ինքն իրավունք չունի որեւէ էմոցիոնալ կամ  անձնական կարծիք հայտնել որպես պաշտոնյա:  Կարո՞ղ էր Սեյրան Օհանյանը գործողություններ անել, որը չէր բխի պետության շահերից, նախարարն արձագանքել է. «Ես չեմ ուզում դրան հավատալ»:

ԱԻՆ «911» ծառայությունը  ժամը 14-ն անց 33-ին ահազանգ է ստացել, որ Երեւան քաղաքի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիքը: Դեպքի վայր են մեկնել Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ամառային հրդեհների ժամանակ անտարբերություն ցուցաբերելու պատճառով է  Արտակարգ Իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ազատել Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանին։ «Ուրիշ բաներ էլ են եղել, որոնց մանրամասները չեմ կարող ասել, թե ինչ խոսակցություն է եղել մեր մեջ, ամբիցիաներ եւ այլն», ասել է Ցոլակյանը:

Ցոլակյանը հերքել է բարեկամներին աշխատանքի ընդունելու մասին հրապարակումները։ «Մի բան իմացեք հաստատ, որեւէ իրավական խախտում չի կարող լինել, բացառում եմ դա, մնացածը, թող ստուգեն», լրագրողներին ասել է արտակարգ իրավիճակների նախարարը՝ անդրադառնալով ԱԻՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ստուգումներին: Նախարարն ավելացրել է, որ  աշխատանքի է ընդունել ծանոթների, որոնց ճանաչել է, եւ որոնք ԱԻՆ-ում լուրջ փոփոխություններ են արել:

Նոյեմբերի 2-ին Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանամերձ հրապարակում կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։ Հիշեցնենք, որ ներկայացման ժամանակ իրարանցում է առաջացել, քաղաքացիները դժգոհել են ներկայացման որակից ու մակարդակից։ Քաշքշուկին միջամտել է ոստիկանությունը։

Չենջ օրգ կայքը ստորագրահավաք է նախաձեռնել՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նույն պահանջով հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ Հիմնական պատճառների թվում նշվում են դպրոցական ծրագրից Հայ եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը, բուհական ծրագրում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը եւ այլն։

Հրաժարականի հարց Արայիկ Հարությունյանն իր օրակարգում չունի, իր պաշտոնանկության պահանջով ստորագրություններ հավաքելը նախարարը նորմալ գործընթաց է համարում։ Հարությունյանը վստահ է՝ կրթության եւ մշակույթի ոլորտների համար արդյունավետ է այն քաղաքականությունը, որ վարում է նախարարությունը։

Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց երկուշաբթի բողոքի ցույցի էին հավաքվել Արեւշատ  գյուղի բնակիչները։ Նրանք պահանջում են կասեցնել իրենց համագյուղացի, քաղցկեղով հիվանդ Գրիշա Հակոբյանի հետախուզման որոշումն ու Գերմանիայից արտահանձնման գործընթացը։ Հիշեցնենք, որ երեկ դատարանը Գրիշա Հակոբյանի խափանման միջոցը որոշել է կալանքը:

Ամերիկյան դոլարի փոխարժեքն աճել է եւ կազմել 476.59 դրամ։ Գրեթե մեկ դրամով ճել է Եվրոյի փոխարժեքը՝ կազմելով 532.11 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է ավելի քան մեկ դրամով ու կազմել է 615.66 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն անփոփոխ է մնացել եւ կազմել 7.45 դրամ։

Հայաստանի ամբողջ տարածքում նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-9-ը ամենուրեք եղանակը կտաքանա  5-6 աստիճանով։ Երեւանում նույնպես տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-ից +1 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ