News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 4–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել՝ վերջին շրջանում ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հասցեին հնչող քննադատությունների առնչությամբ իր դիրքորոշումը հայտնելու։

«Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը խոսել է դպրոցական դասագրքերից Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելու մասին։

«Այդ թեմայով ես նախկինում ԱԺ-ի ամբիոնից հարցադրումներ եմ արել, բայց հիմա թերևս կարիք կա այդ հարցադրումները կրկնելու։ Ուզում եմ ընդգծել նաև, որ այդ թեմայով խոսակցություն եմ ունեցել Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ։ Հիմա դպրոցներում դասավանդվում են Հայ ժողովրդի պատմություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաները։ Այս պատկերն ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ այս երկու առարկաներն իրարից տարանջատ ինչ-որ երևույթներ են, և արդյոք այդ երկու առարկաները տարանջատ ենք դասավանդում, արդյոք դրանով որոշակի վիզուալ և հոգեբանական պատկեր չենք ստեղծում, որ, այնուամենայնիվ, հայ ժողովրդի և հայ եկեղեցու միջև կա որոշակի անջրպետ և հայ ժողովրդի պատմությունը տարբերվում է հայ եկեղեցու պատմությունից։ Եթե մենք այսպես խնդիր ենք դնում հայ ժողովրդի ընդհանրական պատմությունից, պետք է առանձնացնենք հայ ժողովրդի ստեղծած ինստիտուտների պատմությունը։ Հարց է ծագում, ինչո՞ւ մենք չունենք, օրինակ, հայոց պետականության պատմություն զուգահեռ հայ ժողովրդի պատմության հետ, Հայաստանի զինված ուժերի պատմություն` զուգահեռ հայ ժողովրդի պատմության հետ։ Այս հարցն առավել կարևորվում է մեր այն քաղաքական շեշտադրման և նպատակադրման ներքո, որն, իմիջիայլոց, ստացել է Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահության քվեն, որ Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում ենք որպես բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր։ Իմ նշած թեմայի հետ այս կապը շատ ուղղակի է, որովհետև երբ մենք տեսնում ենք դպրոցական համակարգի և կրթական համակարգում սովորող երեխաների ուղղությունների վերաբերյալ, հարց է ծագում՝ ինչքանով են այդ երեխաները համապատասխանում այդ քաղաքական նպատակադրումներին։ Եթե մենք խնդիր ենք դրել՝ լինել տեխնոլոգիական երկիր, ապա պետք է ճշգրիտ ձևակերպենք՝ դասապրոցեսի ընթացքում ի՞նչ առարկաներով ենք ծանրաբեռնում մեր երեխաներին»,- ասել է նա ուղիղ եթերի ժամանակ։

Նրա խոսքով` այս 2 առարկաների տարանջատումը մեզ խանգարում է ընկալել մեր ժողովրդի պատմությունն ամբողջության մեջ։

«Հայ ժողովրդի պատմությունը բաղկացած է հայ եկեղեցու պատմությունից, հայոց պետականության պատմությունից, հայ մշակույթի, գիտության պատմությունից։ Սովետական Միության տարիներին հայ ժողովրդի պատմությունից հնարավորինս հանվել է հայ եկեղեցու պատմությունը։ Հայ ժողովրդի դասավանդվող պատմությունից շատ բաներ իներցիաներով մնացել է, երբ եկեղեցու պատմությունը հնարավորինս կտրված-հանված է եղել։ Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ խնդիր գնաց, որ Սովետական Միությունից եկած իներցիայով հոգևոր գրականությունը կամ եկեղեցու կողմից ստեղծված շատ արժեքավոր գրականությունը չի ներառվել գրականության դասագրքերում։ Մենք պետք է առաջ գնանք, պետք է մեր միասնական պատմությունն ունենանք։ Սա չի նշանակում, որ դպրոցներում պետք է մի հատ հայ գրականություն դասավանդվի մի հատ էլ Հայ առաքելական եկեղեցու պատմության կողմից ստեղված գրականություն, դա ճիշտ չէ»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Նրա խոսքով`Խորհրդային Միության ժամանակներում մեր Առաջին հանրապետության պատմությունն էլ սև գույներով էր ներկված և հանված էր. «Հիմա ի՞նչ, այս երկրում մի հատ էլ առանձին առարկա՞ մտցնենք՝ Առաջին հանրապետության պատմություն։ Մեր ազգային-ազատագրական պայքարը շատ դեպքերում խմբագրված է ներկայացվել, մի հատ էլ ազգային-ազատագրական պայքարի դասավանդո՞ւմ իրականացնենք։ Եկեք իներցիաներից դուրս գանք, ստեղծենք մեկ, միասնական, կուռ, ճշմարիտ պատմություն, որը մեր ժողովրդի ժամանակակից պետականության և ապագայի ողնաշարը կդառնա»։

Տպել
Ամենաշատ