News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի անունից գրություն է ուղարկվել համալսարանի ղեկավարությանը, որտեղ ներկայացված է ֆակուլտետի կարծիքը նախարարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ, որով բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր են դառնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը՝ հավելելով, որ իրենց կողմ են ուսանողների նախաձեռնությանը:

Հիշեցնենք, ուսանողները բողոքում են բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման  դեմ, ինչը նախատեսված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծով:

Ինչ վերաբերում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, նա նշեց, որ կարեւորը կառավարության դիրքորոշումն է. «Եթե այս նախարարին պետք է փոխարինի մեկ ուրիշը, որը պետք է շարունակի նույն քաղաքականությունը, նախարարին փոխելու իմաստը չկա: Թող նախարարը հիմա հայտարարի, որ նախագիծը հետ ենք քաշում, օրինագիծը դնում ենք հասարակական նոր քննարկման փուլ»,-ասաց նա:

Գալստյանը նշեց, որ ակցիան ինքնաբուխ է, որի մասին գոնե ինքն իմացել է այսօր առավոտյան. «Ես քիչ առաջ եմ տեղեկացել: Կարծում եմ, որ ուսանողները ճիշտ են: Հարցը պետք է լայն քննարկման դրվի, պետք է հասկանանք, թե ինչու է այս առարկաների պարտադիր ուսուցումը հանվում: Արդյո՞ք մենք մեր ազգային ինքնությանը չենք վնասում: Եթե քննարկումների արդյունքում պարզվի, որ վնաս չի հասցվում, թող հանեն»։

Դասախոսի խոսքով, եթե ֆակուլտետներին տրվի ընտրության հնարավորություն, առաջ են մղվելու մասնագիտական առարկաները, հետեւաբար օբյեկտիվ պատճառներ կլինեն հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը դուրս մղելու համար: Եթե բովանդակային մասով խնդիր կա, կարելի է վերանայել, ծրագրային փոփոխություներ անել, ոչ թե առարկաները հանել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ