News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Որոշ բաներ պատմածով, լսելով գիտեմ, բայց վստահ չեմ, որ չարաշահում եղել է թե ոչ, արդյոք նման բան տեղի ունեցել է, թե ոչ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի նարդեն ախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի կողմից հնչող մեղադրանքներին, որոնք ուղղված էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ նրա խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին տնօրեն Ավետիք Էլոյանին:

«Շատ դեպքերում շատ բաներ ներկայացվում են որպես կոռուպցիոն երեւույթ, գործարք, այդ թվում պաշտոնյաների հեռավոր բարեկամներին ինչ-որ պաշտոններում նշանակվելը կամ մրցույթով հաղթել ու նշանակվելը: Հաստատ կարող եմ ասել, որ դա կոռուպցիա չէ, բայց ներկայացվում է այդպես:

Հիմա պետք է հասկանալ, թե արդյոք ինչ-որ օրենքի կամ իրավական ակտի խախտում կա, թե ուղղակի մենք այդպիսի ընկալում ունենք: Կարող է որեւէ խախտում չկա, բայց մենք այդպիսի ընկալում ունենք: Պետք է հասկանալ, միգուցե անհրաժեշտ է իրավական հարցերը համապատասխանեցնել ընկալումներին»,-ասաց Նարեկ Բաբայանը:

Դիտարկմանը, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ առնչություն ունեցող անձանց հետ կապված պատմություններ էլի են եղել, Բաբայանը նկատեց, որ չկա որոշակի շրջանակ կամ շրջապատ, կա կառավարություն. «Ամբողջ կառավարությունը վարչապետի, փոխվարչապետների շրջանակն ու շրջապատն է: Ես չէի տարանջատի: Վստահ եմ, որ որեւէ բան չկա, եւ պետք չի այդտեղ ինչ-որ բաներ փորձել գտնել: բայց իհարկե, պետք է քննարկել ու հասկանալ՝ այդտեղ խնդիր կա, թե չկա»:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել է, որ Սարհատ Պետրոսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում նշել էր, որ Տիգրան Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին տնօրեն Ավետիք Էլոյանը, որը Հայաստանում երբեք գործունեություն չի ծավալել, այսօր հանդիսանում է ՀՀ խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը եւ համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, եւ իրեն պատկանող ընկերությունն անմիջականորեն ներգրավված է այդ բոլոր գործընթացներում։ Նա վստահ է, որ Ավետիք Էլոյանը այդ թույլտվությունն ստացել է՝ օգտագործելով իր պաշտոնը։

«Այդ պետական պաշտոնյան մինչեւ պետական պաշտոնյա լինելը Հայստանում որեւէ գործունեություն չի ունեցել, նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը։ Ավետիք Էլոյանը մինչեւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար լինելը Հայաստանում չի ունեցել նախագծային գործունեության որեւէ առիթ։ Ինքը ստացել է այս պատվերը եւ բազմաթիվ այլ պատվերներ պաշտոնի չարաշահման շնորհիվ, եւ դրա մասին տեղյակ են բոլորը»,– ասել էր Պետրոսյանը:

Արձագանքելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե գուցե ինքը քաղաքաշինության կոմիտեն չի ղեկավարել եւ չի տիրապետում քաղաքաշինության ոլորտին, Սարհատ Պետրոսյանը պատասխանել էր. «Այն ժամանակ, երբ ես ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում։ Իմ ողջ գործունեության ընթացքում հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի փորձագետ։ Ավինյանից եւս 2–3 տարի կպահանջվի, որպեսզի քաղաքաշինության ոլորտի մասին ունենա այն պատկերացումները, ինչ ունի ճարտարապետի կրթություն ստացած անձը»,– ասաց Պետրոսյանը։

 

Տպել
Ամենաշատ