News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Կա ոչ ճիշտ հաղորդակցման խնդիր, ինչը պայմանավորված է որոշակի շահարկումներով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ խոսելով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները բուհական ծրագրում ոչ պարտադիր դարձնելու դեմ ուղղված դասադուլի մասին։

«Հարցը մամուլում կամ մարդկանց հարցազրույցներում ներկայացվում է այնպես, թե այս իշխանությունը դեմ է ազգային ինքնությանը, հայոց լեզվին, հայ եկեղեցուն՝ բացարձակ սուտ։ Գաղտնիք չէ, որ նախարար Արայիկ Հարությունյանը ժամանակին պայքարում էր օտարալեզու դպրոցների դեմ, հայոց լեզվի պահպանման համար, ինչպե՞ս կարող են նման մարդուն մեղադրել հայոց լեզվին ինչ-որ թշնամանքով վերաբերվելու մեջ, սա անհեթեթություն է»,- նշել է նա։

Հովհաննիսյանը նաև շեշտել է՝ օրենքի նախագիծը դեռ չդրված e-draft․am-ում և դեռևս վերջնական քննարկումների փուլը չանցած, արդեն արժանանում է հակազդեցության։ «Պետք է սպասել մինչև օրենքի նախագիծը կդրվի e -draft հարթակում, որտեղ հնարավորություն կա առաջարկներ անելու, այնուհետև նախագիծը կգա ԱԺ, կանցկացվեն առանձին լսումներ, նորից առաջարկներ կարվեն։ Բոլոր բուհերը տարիներ շարունակ պահանջում էին բուհական ինքնավարության ավելացում՝ կրթական ծրագրերում,  բովանդակային առումով, վարչական համակարգում, և հիմա դա արվում է։ Եթե ֆիզիկայի ֆակուլտետը կորոշի, որ իրենց պետք է հայոց լեզուն և պատմությունը, իրենք կանցնեն այդ առարկաները»։

Պատգամավորը նաև հավելել է, որ գործող իշխանությունը երբևէ չի հերքել հայ եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում կամ հայոց լեզվի դերը․ «Հայաստանում որևէ իշխանություն չի էլ կարող նման հերքումներով հանդես գալ»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը։

Տպել
Ամենաշատ