News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արտաշատի դպրոցում թունավորման դեպքը ՀՀ իշխանությունների անպատասխանատվության դրսեւորում է: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա նշեց, որ երեխաների առողջությունը պետք է առաջին տեղում լինի, եւ Հայաստանում այդ մասին հաճախ նույնիսկ չեն հիշում: «Դա վերաբերում է եւ՛ պետական հաստատություններին, եւ՛ հասարակական կազմակերպություններին, որոնք միայն դրամաշնորհներ են ստանում»,- հավելեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ երկրում երեխաների կյանքն ու առողջությունը սպառնալիքի տակ են, ինչը հաստատվում է մանկական հաստատություններում թունավորման պարբերաբար գրանցվող դեպքերով: «Ցավոք, մեր ազդանշաններն արձագանք չեն ստանում, այդ թվում սննդամթերքի անվտանգության վերահսկողության տեսչությունում, որը պետք է վերահսկի ողջ շղթան՝ արտադրությունից մինչեւ սննդի օգտագործում»,- պարզաբանեց փորձագետը:

Պողոսյանը կարծիք հայտնեց, որ մանկական հաստատություններում պետք է արգելվի երշիկ պարունակող սնունդը եւ ընդհանրապես երշիկեղենը: «Երկրորդ հերթին, սննդի պատրաստման ժամանակ պետք է նմուշներ վերցվեն եւ պահպանվեն 48 ժամ: Երրորդ հերթին, խնդիրը ոչ միայն մատակարարներն են, չնայած դեպքերի մեծամասնությունում խնդիրը հենց նրանք են, այլ նաեւ այն, թե ջուրն ինչ որակի է, թե սանիտարական ինչ վիճակ է: Սննդամթերքի անվտանգության վերահսկողության տեսչություն եւ գլխավոր դատախազություն մեր դիմումներին ադեկվատ պատասխան չստացանք: Տեսչությունում, որը ձեւավորվել է կասկածելի ճանապարհով, ասում են, որ ամեն ինչ կարգին է, եւ ամեն ինչ վերահսկվում է, սակայն որոշ ժամանակ անց թունավորման հերթական դեպքի ենք ականատես դառնում»,- նշեց նա:

Փորձագետը պարզաբանեց, որ պետական մարմինները եւ հասարակական կազմակերպությունները պարենային անվտանգության ոլորտում վերահսկողությունը պետք է իրականացնեն միասին՝ լրատվամիջոցների մասնակցությամբ: «Պետք է սպասել Արտաշատում թունավորման քննության ավարտին եւ այն բանին, թե այդ արդյունքները որքանով հասանելի կլինեն մեզ՝ հասարակական կազմակերպություններին: Եթե այդպիսի հասանելիություն չլինի, ապա դա կարող է կասկածներ հարուցել: Մենք կարող ենք մեր ձայնը բարձրացնել միայն լրատվամիջոցներով եւ սպասել, թե ինչպես կարձագանքեն պատասխանատու մարմինները, առաջին հերթին՝ Սննդամթերքի անվտանգության եւ որակի վերահսկման տեսչությունը»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցի 20-ից ավելի աշակերտներ հիվանդանոց էին տեղափոխվել սննդային թունավորմամբ: Տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ