News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նախկին նախագահին գրավի դիմաց բաց թողնելու մերժման մասին որոշումը։ Այս մասին ասել է փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում։

Քանի որ դատավորը չի հիմնավորել իր որոշումը, փաստաբանը ենթադրում է, որ որոշման հիմքում մեղադրող կողմի փաստարկներն են, այն, որ նախկին նախագահը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատավարությանը։ Ռուբեն Սահակյանը խոստովանել է, որ անձամբ իր համար որոշումը սպասելի էր։ «Ես համոզված էի, որ դատավորը կմերժի միջնորդությունը»,- նշել է փաստաբանը՝ ավելացնելով, որ սեփական փորձով, երբ անցած նիստում ներկայացնում էր իր տեսակետը, համոզվել է դատավոր Աննա Դանիբեկյանի պրոֆեսիոնալ գիտելիքների բացակայության մեջ։

Սահակյանի խոսքով (հենց դա էր նա փորձում հասցնել դատավորին նախորդ նիստում- խմբ.)՝ չորս ամբաստանյալների մեղադրանքը նույնն է։ «Կազմվել է պարբերություն, որտեղ անուններ են դրվել։ Այնտեղ ընդհանրապես մեղադրանք չկա։ Հեքիաթներ են, որոնք գրել է դատախազը, որոնք անգամ ահնհար է համեմատել Գյուլնազ տատի հեքիաթների հետ»,- ասաց փաստաբանը։

Խոսելով գլխավոր դատախազի մասին, որը հավանություն է տվել ենթակայի կազմած փաստաթղթին, Ռուբեն Սահակյանը հիշեցրեց, որ եթե մարդը հաջողացրել է 3,5 ամսում երկու անգամ գեներալական ուսադիրներ ստանալ, դրանով ամեն ինչ ասված է. «Դա վկայում է այն մասին, որ նա ծառայություններ է մատուցում ղեկավարությանը, այդ թվում վարչապետին…Ինչ ասես, կանեմ։ Բա ես կարո՞ղ եմ չկռահել, թե դու ինչ ես ուզում։ Ես էլ, Սասուն Խաչատրյանն էլ շատ կռահում ենք, թե դու ինչ ես ուզում»։

Վերաքննիչ դատարանում բողոքարկման ճակատագրի մասին Ռուբեն Սահակյանը ենթադրություններ չարեց՝ միայն նշելով, որ ամեն բան կախված կլինի այն բանից, թե ինչ դատավորի մոտ կհայտնվի։ «Փաստաբանները գիտեն, թե որ դատավորն ինչի է ընդունակ։ Ես դա անվանում եմ քաղաքացիական արիություն։ Չնայել պաշտոնին եւ անձի հնարավորությանն ու արդար որոշում կայացնել»,- պարզաբանեց Ռուբեն Սահակյանը՝ ավելացնելով, որ դատավոր Դանիբեկյանի մոտ առկա են բազմաթիվ գործոններ, որոնք խանգարում են նրան արդար վճիռ կայացնել։

Լրագրողներին շատ էր հետաքրքրում հարցը, թե փաստաբանները որքան երկար են մտադիր ներկայացնելու տարբեր միջնորդություններ, առաջին հերթին Քոչարյանին ազատ արձակելու մասին միջնորդություններ, եւ եթե այսպես շարունակվի, ապա ե՞րբ է բուն դատաքննությունը սկսվելու:

«Ես վստահ եմ, որ դատավորը չի կարդացել այն, ինչ ես նրան փոխանցել էի նախորդ դատական նիստին՝ 5 էջանոց փաստաթուղթը: Վերջում նշված էր՝ մեզ մի մեղադրեք դատավարությունը ձգձգելու մեջ: Մենք հենց այսօր էլ պատրաստ ենք պաշտպանական ճառով հանդես գալ և մեղադրանքից քարը քարի վրա չթողնել»,- հայտնեց Սահակյանը:

Այն հարցին, թե էլի միջնորդություններ կլինե՞ն, փաստաբանը հիշեցրեց, որ ամբաստանյալի աթոռին չորսն են, եւ ինքը ոչ մի կերպ չի կարող խոսել մյուս փաստաբանների փոխարեն: Սակայն Քոչարյանի փաստաբանները միջնորդություններ ունեն, որոնք անհնար է հետաձգել:

Քննիչների աշխատանքի մասին խոսելիս Ռուբեն Սահակյանը քննադատեց նախապատրաստված նյութերը. «Դուք քննիչներ եք: Մի՞թե չգիտեք, որ երբ մեղադրում եք, պետք է գոնե ցուցմունքներ ունենաք: Այսինքն, եթե հայտարարում եք, որ Սահմանադրական դատարանի վրա ճնշում է եղել, անհրաժեշտ է գոնե դատավորներին հարցաքննել: Ինձ համար տարբերություն չկա՝ նրանց ինչ կերպ անվանել՝ ՍԴ դատավորներ, թե անդամներ, ինչպես նաեւ Բուքիքիոյի համար: Դուք հարցաքննել եք մարտի 8-ի որոշումը ստորագրած 8 դատավորներից միայն մեկին, այն էլ՝ նա ասել է, որ ճնշում չի եղել»,- արձանագրեց Սահակյանը՝ ընդգծելով, որ փաստաբանները դատավարությունը չեն ձգձգում, այլ կատարում են իրենց պարտականությունները: Երբ օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը սպառվեն, այդ ժամանակ էլ առաջ կգնանք, հայտարարեց Ռուբեն Սահակյանը: Նա հիշեցրեց, որ մի շարք միջնորդություններ ներկայացնելու հաջորդ հնարավորությունը կլինի քննության ավարտից հետո:

«Մենք դատավարությունը չենք ձգձգում: Չենք սպասում միջազգային կառույցների արձագանքին, իսկ այն, որ 300.1 հոդվածը ֆիկցիա է եւ չի կարող կիրառվել, վաղուց է ասվել»,- ընդգծեց Սահակյանը:

Դատախազների պնդումներն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատավարությանը, Ռուբեն Սահակյանն անհիմն համարեց: «Ինչի՞ն եւ ինչպե՞ս պետք է խոչընդոտի: Եվ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով»,- հարց ուղղեց Սահակյանը: Մեջբերելով ՔԴՕ-ն, փաստաբանը նկատեց, որ խոչընդոտել նշանակում է ազդել հետաքննության վրա, կեղծել փաստաթղթերը, վկաներին ստիպել փոխել ցուցմունքը: «Գործում ընդամենը 2 փաստաթուղթ կա: Քոչարյանը խոստովանում է, որ նման հրամաններ է արձակել: Վկանե՞ր: Չկան վկաներ, որոնց վրա Քոչարյանը կարող էր ազդեցություն ունենալ: Ոչ ոք նրա դեմ ցուցմունք չի տվել: Արշակ Կարապետյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Նա միայն ասում է, որ փետրվարի 23-ին հայտարարվել է արտակարգ դրություն սահմանելու մտադրության մասին: Սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում: Արտակարգ դրությունը սահմանվել է մարտի 1-ին, եւ Կարապետյանի խոսքերը ոչ մի վկա չի հաստատել: Մյուս բոլորը նման բան չեն հիշում: Գնդապետի կոչումով դատախազները պրիմիտիվ մանիպուլյացիաների են դիմում՝ ասելով, թե վկաները «չեն հերքում»»,- ընդգծեց փաստաբանը: Նա հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանին արգելվել է հանդիպել ավագ որդու՝ Սեդրակի հետ:

Մեկնաբանելով այն հարցը, որ գրավի դիմաց ազատ արձակման մասին պահանջի հիմնավորման մեջ նշվում է ՍԴ որոշումը, չնայած նրան, որ բարձրագույն դատական մարմինն առաջարկում է վերացնել օրենսդրական խնդիրները մինչեւ ապրիլ, փաստաբանը հիշեցրեց, որ նույն ՍԴ-ն ՔԴՕ հոդվածը հակասահմանադրական է ճանաչել: «Ձեր կարծիքով, եթե ՍԴ-ն ընդունում է, որ ոչ ոք չի կարող մահապատժի դատապարտվել, պետք է սպասե՞լ մինչեւ ապրիլ: Տրամաբանություն պե՞տք է լինի, թե՞ ոչ»,- նկատեց Սահակյանը:

Հարցին՝ բացարկ կներկայացվի դատավորին, Ռուբեն Սահակյանը նկատեց, որ ինքը կողմ է բացարկին: «Դատավորը մասնագիտական գիտելիքների պակաս ունի: Եթե բավարար գիտելիքներ չունես՝ գնա տուն, դատիր քո կատուներին»,- ասաց Սահակյանը: Հարցին՝ ինչ կատուների մասին է խոսքը, փաստաբանը նկատեց, որ դատավորը շատ կատուներ ունի:

«Մի քանի հարյուր ոստիկան, զինվորական է հարցաքննվել: Ոչ ոք չի նշում Քոչարյանի անունը: Ի՞նչ իմաստ ունի նրանց վրա ճնշում գործադրելը: Դատախազները հանրությունից թաքցնում են փաստերն ու ցույց տալիս իրենց մանիպուլյացիաների արդյունքները»,- հայտարարեց Ռուբեն Սահակյանը՝ նշելով, որ որեւէ վկա չկա, որը ցուցմունք կտար Ռոբերտ Քոչարյանի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գործընթացը որեւէ կապ չունի արդարադատության հետ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
Դատավորը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժել է դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդությունը
Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ին...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատավորից պահանջել է դահլիճում պահպանել կոռեկտ մթնոլորտը
«Դատարանը պարտավոր է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի նման երեւույթն անհնար լինի: Ինչպես դա կանի դատարանը՝ իր գործն է...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազները բացարկի մասին միջնորդությունը չհիմնավորված են համարում
Փաստաբանն ընդգծեց ամբաստանյալի հանդեպ ցայտուն ընդգծված բացասական վերաբերմունքը, ինչը բավարար հիմք է բացարկի համար…
Քոչարյանի գործով դատավորը կողմերին կոչ է արել հարգել միմյանց
Դատարանի դահլիճից պարբերաբար հնչող առարկություններից եւ վեճերից բացի, կողմերը ժամանակ առ ժամանակ իրենց ոչ կոռեկտ գնահատականներ, անմեղության կանխավարկածի խախտում եւ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս...
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը եւս դատախազի բացարկի մասին միջնորդություն է ներկայացրել
Հիշեցնենք, որ նախորդ նիստին նմանատիպ միջնորդություն են ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները...