News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կառավարության որոշմամբ՝ պահուստային ֆոնդի հաշվին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 2 մլրդ 380 մլն 457 հազար դրամ:

Այս գումարից «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման համար կհատկացվի 1 մլրդ 900 մլն դրամ, «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության կազմակերպություններում գույքի եւ սարքավորումների ձեռք բերում» միջոցառման համար՝ 145 մլն 117 հազար դրամ, «Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության շենքերի եւ բնակարանների ձեռքբերում եւ կահավորում» միջոցառման համար 270 մլն դրամ։

Նաեւ  նախարարության ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեւտրային կազմակերպության շենքերի դրենաժային համակարգերի կառուցման նպատակով նախարարությանը կհատկացվի 43 մլն 300 հազար դրամ, «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ նախարարության ենթակայության կազմակերպություններում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» միջոցառման համար կհատկացվի 22 մլն 40 հազար դրամ:

Վարչապետը կարեւորեց նախագիծը եւ նշեց, որ տրամադրվող գումարով ՀՀ քաղաքներում հնարավոր է ձեռք բերել բնակարան, սակայն, եթե անձը ունի միջոցներ եւ ցանկանում է ձեռք բերել Երեւանում, ապա այդ հնարավորությունը եւս ունի: «Այս խնդիրը մենք լուծում ենք խնայողությունների միջոցով, այսինքն՝ մեր հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում գոյացված միջոցների հաշվին»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ առողջական խնդիրներ ունեցողներին այս նախագծով կարելի է ասել՝ բանտային ռեժիմից տեղափոխում են ավելի ազատ ռեժիմի:

«Այս կարգի նախագծերը երկրի մակարդակը փոխող նախագիծ են, քանի որ շատ կարեւոր է , թե ինչպես ենք վերաբերվում այդ մարդկանց: Ես ուզում եմ խոստովանություն անել. հիմա մենք այդ մարդկանց բնակարաններ ենք գնում եւ շատ ճիշտ ենք անում, բայց ես այս հարցում մեծ հաշվով հայեցակարգային ռազմավարական խնդիր ունեմ, քանի որ կնախընտրեի այս գումարը կրթության վրա ծախսած լինեին, որ այդ մարդիկ ոչ մեկի կարիքը չունենային:

Օրինակ՝ կրթություն ստանային, գնային վարձով ապրեին, աշխատանքի ընդունվեին, օրինակ՝ ՏՏ ոլորտում, իրենց վաստակած աշխատանքով հիպոթեքային վարկ վերցնեին եւ գնեին բնակարան: Այսօր այդպիսի վերաբերմունք չենք կարող ունենալ, քանի որ քսան տարի առաջ այս քաղաքականությունը չի վարվել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ցավ է զգում, որ այդպիսի լուծում չեն կարող տալ: «Այո բնակարան տվեցինք, հետո ի՞նչ է լինելու, ի՞նչ երաշխիք ունենք, որ թեկուզ կարիքից ելնելով նրանք չեն վաճառելու այդ բնակարանը: Սա մենք անում ենք մեզ հանգիստ զգալու համար, սակայն ռազմավարական առումով մեր խնդիրը պետք է լինի կրթություն տալը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ