News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Իրանին մեղադրել է «միջուկային էսկալացիայի» մեջ՝ երկրներին կոչ անելով մեծացնել Թեհրանի վրա ճնշումը:

«Իրանի կողմից միջուկային գործունեության ընդլայնումը մտահոգություն է առաջացնում այն պատճառով, որ Իրանը հասկացնում է միջուկային արագ առաջխաղացման ներուժ ունենալու մասին»,- նշված է Պոմպեոյի հայտարարության մեջ: «Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները մերժեն այս ռեժիմի շորթումները եւ լուրջ քայլեր ձեռնարկեն ճնշման մեծացման համար: Իրանի շարունակական եւ բազմաթիվ սադրանքները այդպիսի գործողություններ են պահանջում»,- ասել է Պոմպեոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ուրանի հարստացում է սկսել Ֆորդո օբյեկտում: Իրանը նոյեմբերի 6-ին Ֆորդո միջուկային օբյեկտում սկսել էր գազ ներմղել ցենտրիֆուգեր, ինչը փաստացի նշանակում է միջուկային համաձայնագրի շրջանակում Թեհրանի պարտավորությունների կրճատման 4-րդ փուլի մեկնարկ:

2015 թվականին ստորագրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայն՝ Իրանը Ֆորդոյում միջազգային դիտորդների հսկողությամբ պետք է արդիականացներ կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը: Ենթադրվում էր, որ վերակառուցումը բացառելու էր այս օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու հնարավորությունը:

Իրանի միջուկային գործարքի ապագան հարցականի տակ հայտնվեց 2018 թվականի մայիսի 8-ին դրանից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի հանդեպ նավթի արտահանման ոլորտում պատժամիջոցներ մտցնելուց հետո։ Իրանական կողմի վարկածով՝ մնացած մասնակիցները, առաջին հերթին՝ եվրոպացիները, լիովին չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասով, ուստի գործարքը ներկա տեսքով իմաստ չունի։

2019 թվականի մայիսին Իրանը հայտարարեց միջուկային գործարքի պարտավորությունների մի մասի կատարումը դադարեցնելու առաջին փուլի՝ հարստացված ուրանի վաճառքը 60 օրով դադարեցնելու մասին։ Հուլիսին Թեհրանը հայտարարեց պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին՝ ասելով, որ ուրանի հարստացումը հասցնելու է ավելի քան 3,67 տոկոսի։ Սեպտեմբերին Իրանը հայտարարեց, որ ձեռնամուխ է եղել միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման երրորդ փուլին եւ հրաժարվել է հետազոտական գործունեության սահմանափակումներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ