News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«ՎԵՏՕ» նախաձեռնությունը Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում նոյեմբերի 7-ին ֆուտուրիստական ներկայացում է ցուցադրել՝ ի աջակցություն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի:

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդհանուր առմամբ 3 ներկայացում է ցուցադրվել՝ «Դեբիլների ապստամբություն», «Ազգ-կալանք» եւ «Թավշյա դդում»: Նա հայտարարեց, որ կրթության նախարարությունը նախորդ ներկայացման համար 2,7 մլն դրամ է հատկացրել, եւ իրենց նախաձեռնությունն այս ներկայացման համար կդիմի նախարարությանը դրամաշնորհ ստանալու համար: Ներկայացման նպատակն է «ազատագրել Արսեն Բաբայանի մարմինը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից»: «Ընդ որում, մեր ներկայացման համար ծախսվել է 52 հազար դրամ, եւ դա շատ ավելի շահավետ է: Ներկայացման էությունն այն է, որ պայմանական Հրայր Թովմասյանը (ՍԴ նախագահը-խմբ.) շրջելու է Արսեն Բաբայանի հետ, երկու պայմանական Արսեն Բաբայաններ մատնելու են Արսեններին, եւ երկու Վահե Գրիգորյաններ նրանց ձերբակալելու են: Վերջում պայմանական ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կպատռի քրեադատավարական օրենսգիրքը: Եվ դա կուղեկցվի կրկեսով, որում մենք ապրում ենք»,- նշեց Մալյանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը, որը գտնվել է ներկայացման վայրում: Մալյանը հավելեց, որ Երեւանի քաղաքապետարանին տեղեկացրել են, եւ ամեն ինչ օրենքի շրջանակում է անցել: «Ես ինձ պաշտպանված եմ զգում, երբ ինձ ոստիկաններ են շրջապատում, ինչը վերջին շրջանում հաճախ է լինում»,- հավելեց նա: Նախաձեռնության հիմնադիրը հեգնանքով նկատեց, որ կանխատեսում էր Արսեն Բաբայանի հետ կապված իրավիճակը դեռեւս 10-12 տարի առաջ, եւ այժմ որոշել է այդ իրադարձությունների մասին ներկայացում բեմադրել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվել է «ՀուԶանգ ու Զանգ» ներկայացումը Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ: Սա դարձել է ներկայացման մասնակիցների եւ քաղաքացիների միջեւ վիճաբանության պատճառ: Նրանցից մեկը փորձել է դերասանների վրա զելյոնկա լցնել՝ նրանց «սատանայապաշտներ» անվանելով: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը այս ներկայացման համար հատկացրել էր 2,7 մլն դրամ:

Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)  նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը)   մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի  2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել է 2 ամսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ