News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երկրորդ նախագահ Քոչարյանը կմնա կալանավորված։ Մեղադրանքը հեքիաթ է, որն անհնար է համեմատել Գյուլնազ տատի հեքիաթների հետ, պնդում են փաստաբանները։

Դասադուլ եւ նստացույց կրթության նախարարության դիմաց։ Պահանջը Արայիկ Հարությունյանի հրաժարականն է։ Հարձակումներ Հանրային խորհրդի վրա։ Պարզաբանում է Վազգեն Մանուկյանը։ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» եւ իտալական ընկերության համատեղ նախագծով Երեւանում բացվել է «Ceramisia» գործարանը։ Նախնական ներդրումը 30 միլիոն եւրո է։ Եվ վարչապետի հերթական ֆեյսբուքյան գրառումը. «Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան»։

Հայաստանի Երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը հերթական անգամ մերժել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։  Դատավոր Աննա Դանիբեկյանը հաջորդ դատական նիստը նշանակել է նոյեմբերի 12-ին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նախկին նախագահին գրավի դիմաց բաց թողնելու մերժման մասին որոշումը, լրագրողներին ասել է փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Դատարանի որոշումը փաստաբանի համար սպասելի էր։ «Մենք դատավարությունը չենք ձգձգում: Չենք սպասում միջազգային կառույցների արձագանքին, իսկ այն, որ 300.1 հոդվածը ֆիկցիա է եւ չի կարող կիրառվել, վաղուց է ասվել։ Մենք հենց այսօր էլ պատրաստ ենք պաշտպանական ճառով հանդես գալ և մեղադրանքից քարը քարի վրա չթողնել »,- ընդգծել է Սահակյանը:

Երկրորդ նախագահի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել դատարանի շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են Ռոբերտ Քոչարյանը, Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։ Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Նա կալանավորվել է երեք անգամ։

Երկրորդ նախագահի որդին համարում է, որ միամտություն կլիներ արդարադատություն ակնկալել դատավոր Դանիբեկյանից: «Սա հերթական անօրինական որոշումն է»,- արձանագրել է Լեւոն Քոչարյանը: Նախկին նախագահի որդին նաեւ նշել է, որ Քոչարյան ընտանիքի աներեւակայելի կարողության մասին ասեկոսեները իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում:

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչներն ու նրանց միացած ուսանողները կառավարության առջեւ ցույցից հետո շարժվել են նախարարություն։ Ցուցարարները խոստանում են կաթվածահար անել նախարարության աշխատանքը, քանի որ համարում են, որ ավելի լավ է այն չաշխատի, քան աշխատի Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ։ Նրանք գերատեսչության դիմաց անժամկետ նստացույց են սկսել։

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդ դաշնակցականներն ու ուսանողները մյուս ուսանողներին ու դասախոսներին համընդհանուր դասադուլի կոչ են արել։ Նրանք պնդել են, որ բողոքի իրենց ելույթը կուսակցական ենթատեքստ չունի, այն պայքար է հանուն ազգային կրթության։

Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսեւորում է ՀՅԴ-ն, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարն ասել է, որ արտասահմանում հանդիպել է դաշնակցականների,  որոնք, նրա խոսքով, շատ ադեկվատ են, շատ պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չի տեսնում:

Վերջերս մեծ հարձակումներ են սկսվել Հանրային խորհրդի վրա, հայտարարել է կառույցի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա ասել է, որ առաջինն ուղղված է անձամբ իր դեմ որպես ՀԽ նախագահի, երկրորդ՝ հարց է բարձրացվում, թե ընդհանրապես Հայաստանին Հանրային խորհուրդ պետք է, թե ոչ: Երրորդ՝ բարձրացվում է կառույցի աշխատանքի արդյունավետության հարցը: Չորրորդ՝ բարձրացնում են ՀԽ շատ անդամներ, այն է, թե Հանրային Խորհրդի բոլոր անդամներն  իրենց գործընկերների նկատմամբ արդյոք պետք է էթիկայի պահպանում լինի, թե ոչ»,-ասել է Մանուկյանը:

Հանրային խորհուրդը նիստ էր հրավիրել օրակարգում ունենալով երկու հարց: Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը: Եվ  Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը՝ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Multi Group» կոնցեռնի եւ իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծով կառուցված «Ceramisia» գործարանի բացման արարողությանը: Նախնական ներդրումը 30 մլն եվրո է: Ստեղծվելու է 500-ից մինչեւ 1000 աշխատատեղ: Բացմանը մասնակցում է նաեւ «Multi Group» կոնցեռնի ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանում ներդրումների համար համապատասխան պայմաններ չկան, լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը։ Նա նշել է, որ հարգում է Նիկոլ Փաշինյանին, որն, ըստ նրա, ցանկանում է զարգացում եւ ներդրումների հոսք, բայց պետք է, որպեսզի աշխատեն բոլորը, ընդ որում՝ արդյունավետ։  Գործարարն ավելացրել է, որ տնտեսական հեղափոխության համար հարկավոր են համապատասխան պայմաններ, որոնք ավելի լավը կլինեն, քան հարեւան երկրներինը։

Գագիկ Ծառուկյանը Հայաստանի խորհրդարանի աշխատանքը անբավարար է համարում։ Հարցին՝ ինչպես է գնահատում 2020 թվականի բյուջեն, ԲՀԿ նախագահը խոստացել է երկուշաբթի ասել, երբ իրենց քաղաքական թիմի մասնագետներն ավարտեն վերլուծությունը։

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Հ-ն, հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Նախաքննությունը շարունակվում է:

Առողջապահության նախարար, ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը մեկնաբանել է հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակումն առանց գործադիր կոմիտեում քննարկման եւ քվեարկության։

Ավելի ուշ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը միաձայն հաստատել է Աբրահամ Խաշմանյանի նշանակումը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, գործկոմի նիստից հետո լրագրողներին հայտնել է Ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։ Արսեն Թորոսյանն, ի դեպ, նիստին չի մասնակցել։ ԱԱԾ նախկին տնօրենը նաեւ հերքել է իր անվան շուրջ լուրերին, ասել, որ ջանում է որեւէ հանրային հայտարարություն չանել, որեւէ մասնակցություն չունենալ այս կամ այն իրադարձությանը։

Երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառումն է արել եւ տեսանյութ հրապարակել։ «Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երեւանի Մարզահամերգային համալիրում: «Պարզվում է այսօր մինչեւ գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ: Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան»,– գրել է Փաշինյանը։

Ամերիկյան դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.27 դրամով եւ  կազմել 477.34 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է՝ կազմելով 528.80 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը եւս աննշան նվազել է եւ կազմել 614.19 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե չի փոխվել եւ կազմել է 7.50 դրամ։

Հայաստանում նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ 17-ից 19 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ