
ՉԺՀ կառավարությունը մշակել է նորմատիվ պահանջներ, որոնք գիշերը սահմանափակում են անչափահասների հասանելիությունն առցանց խաղերին։ 18 տարեկանից փոքր չինացիները ժամը 22։00-8։00 չեն կարողանա իրենց ժամանակը համացանցային խաղերի առջեւ անցկացնել։ Այս մասին հայտնել է մամուլի եւ հրատարակչությունների հարցերով ՉԺՀ Գլխավոր պետական վարչությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նոր կանոնների համաձայն, առցանց գրանցվելու ժամանակ խաղացողները պարտավոր են նշել իրենց անունը, WeChat սոցցանցում էջի տվյալները, հեռախոսահամարը եւ նույնականացման համարը։ Այս տեղեկատվությունը կօգնի պարզել օգտատիրոջ անձը եւ նրա իրական տարիքը։
Բացի այդ, իշխանությունները սահմանափակել են համացանցում խաղերի վրա երիտասարդների կողմից ծախսվող ամենամսյա գումարի չափը։ 16 տարեկանից փոքր դեռահասների համար այդ գումարն ամսական կկազմի 200 յուան (մոտ $30), 16-18 տարեկանների համար՝ 400 յուան (մոտ $60)։
Համացանցային խաղերին հասանելիությունը սահմանափակելու կառավարության որոշումը զանգվածային դժգոհություն է առաջացրել երիտասարդների շրջանում։ Մեկնաբանություններում նրանց մեծ մասը նշել է, որ 6։30-22։00 իրենք զբաղված են ուսմամբ եւ այժմ ցանկացած զվարճանքի համար ընդհանրապես ժամանակ չեն ունենա։