News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության  եւ այն շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ իրականացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքում վարչության դատախազի կողմից որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 184-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու եւ այն նախաքննություն կատարելու համար ՊԵԿ քննչական վարչություն ուղարկելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել էր, որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (ՀԱՕԿ)-ը 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Լ...» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերջինիս կողմից 2008-2016թթ-ին հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել եւ իրավահարաբերության ձեւավորման պահին գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից ստացված հասույթները` 1.985.273.178 ՀՀ դրամի չափով, հարկվող օբյեկտները /շահույթ/ պակաս է ցույց տրվել 397.054.636 ՀՀ դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը  կազմում է 79.410.927 ՀՀ դրամ: Իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաեւ պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք նույն ժամանակահատվածի համար կազմել են 397.054.636 ՀՀ դրամ: Արդյունքում` «Լ...» ՍՊԸ կողմից հարկերը չվճարելու պատճառով պետությանը պատճառվել է ընդհանուր 476.465.563 ՀՀ դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել 2008թ-ի դեկտեմբերից մինչեւ 2017թ. սեպտեմբեր «Լ...>> ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած Ա.Պ.-ին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վերջինս առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին` հաճախորդների կողմից վճարված գումարների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել, կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում` խեղաթյուրելով ֆիսկալային հաշվետվությունների տվյալները: Արդյունքում` ընկերության կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել եւ չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացման ծավալները: Եվ իրացման շրջանառության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած 2008-2016թթ. ԱԱՀ-ի եւ շահութահարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու արդյունքում ընկերությունը խուսափել է պետական բյուջե վճարել առանձապես խոշոր չափերով՝ 476.465.563  դրամի չափով ԱԱՀ եւ շահութահարկ:

Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, չարաշահելով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ի պատասխանատու անձանց վստահությունը, դիտավորությամբ վերջինիս, որը հանդիսանում է  «Լ...» ՍՊԸ 50 տոկոս մասնակիցը, պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մասնավորապես՝ թաքցնելով հասույթի իրական չափերը՝ «Լ...» ՍՊԸ-ի կողմից պակաս շահաբաժին է փոխանցվել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ին՝ վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի` 79.410.927 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ա.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Ծաղկաձորի ճոպանուղին տարիներ շարունակ թաքցրել է հարկերը. Վնասը կազմել է ավելի քան 476 մլն դրամ. Քրգործ է հարուցվել:

 

Տպել
Ամենաշատ