News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ՀուԶանք ու զանգ» ներկայացումը մշակույթի ոլորտում իշխանությունների քաղաքականության բացակայության արդյունքն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 8-ին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Նա նշեց, որ շատերը դրանում կոնսպիրոլոգիական ենթատեքստ են տեսնում, բայց հիմնական խնդիրը պետական քաղաքականության բացակայությունն է մշակույթի, կրթության, ինչպես նաեւ մնացած բոլոր ոլորտներում։ «Տարակուսանք է առաջացնում այն, որ այդ ներկայացումը բեմադրվել է պետական բյուջեիի հաշվին, եւ ամբողջ խնդիրն այն է, թե ինչ ուղղությամբ է զարգանալու մշակույթը, քանի որ չկա պետական քաղաքականություն։ Իսկ ուղղությունը պետք է նշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը չի անում»,- ավելացրել է փորձագետը։

Նրա խոսքով՝ պետական քաղաքականությունը կրթության ոլորտում հանգեցրեց այն բանին, որ իշխանությունները ցանկանում են հանել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները բուհերի որոշ ֆակուլտետների պարտադիր ուսուցման ծրագրերից, իսկ դպրոցական ծրագրերից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։ «ԱՄՆ-ում, օրինակ, տարածված է հումանիտար, բնական եւ տեխնիկական գիտությունների համատեղման գործելակերպը բուհերում։ Իսկ Հայաստանում, որտեղ հայերենի իմացության մակարդակը շատ ուսանողների մոտ ցածր մակարդակի է, ցանկանում են հանել այդ առարկան պարտադիր ուսուցման ցանկից»,- ընդգծել է քաղաքագետը։ Ենոքյանը նկատել է, որ երկրում բուռն քննարկվում են դատարանները, կոռուպցիան եւ այլ թեմաներ, բայց ամենագլխավորը անորակ կրթությունն է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները դասադուլ արեցին՝ դեմ հանդես գալով օրինագծին, որով առաջարկվում է բուհերում պարտադիր ուսուցումից հանել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները։ Նոյեմբերի 2-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ներկայացվեց «ՀուԶանք ու զանգ» ներկայացումը, որը պատճառ դարձավ ներկայացման մասնակիցների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկների, ինչպես նաեւ ոչ միանշանակ արձագանք առաջացրեց հասարակությունում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այդ ներկայացման համար տրամադրել էր 2,7 մլն դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ