
Երեւանի Սարալանջի փողոցի հարակից լանջին գտնվող տանը նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով ընտանիքի անդամները հայտնվել են փողոցում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, թե հարեւանները, թե ընտանիքի անդամներն ասում էին, որ տունը րոպեների ընթացքում մոխրակույտի է վերածվել: Տունը, որի հասցեն Մյասնիկյան 17/1-ն է, այլեւս բնակության համար պիտանի չէ:
Ընտանիքի մայրը՝ 57-ամյա տիկին Ժաննան, ավագ որդին, 34-ամյա Ռոմանը, նրա կինը, 37-ամյա Քրիստինան, նրանց 1,5- ամյա որդին՝ Ալեքսանդրը եւ տան կրտսեր որդին, 30-ամյա Արան հայտնվել են բաց երկնքի տակ:
Հարեւանները կայքին պատմել են, որ երբ տունը կրակի է մատնվել, ներսում եղել է հղի հարսը, իսկ երեխան ննջարանում քնած է եղել: Հարսը կարողացել է մի կերպ կրակի ու ծխի միջից դուրս բերել երեխային:
Հրշեջներին հաջողվել է կրակի տարածման դեմն առնելը, հակառակ դեպքում՝ հարեւանների տներն էլ էր այրվելու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցին հարակից լանջին այրվում է տուն: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ այրվում է մեկհարկանի տուն (56 քմ). տուժածներ չկան: