News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի բացառել, որ Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը կարող է շարունակվել: Այս մասին նա ասել է Հունգարիայից վերադառնալիս իր օդանավում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

«Անկասկած: Մենք այդ գործողությունը կշարունակենք, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի լքել տարածաշրջանը: Մենք չենք լքի Սիրիան այնքան ժամանակ, քանի դեռ այլ երկրներ այդ երկրից չեն հեռացել: Մենք աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու միասնությանը»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ Անկարան «չի ցանկանում Սիրիայի պառակտում»: Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիան իրավունք ունի գործողություններ անցկացնել՝ ըստ Ադանայի համաձայնագրի: «Եթե տարածաշրջանը չմաքրվի ահաբեկիչներից, մենք կշարունակենք գործողությունները Ադանայի համաձայնագրի շրջանակում»,- հավելել է Էրդողանը:

Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունները չափազանց լարված էին 1980-1990 թվականներին, քանի որ Անկարան մեղադրում էր Դամասկոսին Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար։ 1998-ի հոկտեմբերին երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ սկսվեց, եւ Թուրքիան 45 օր ժամկետ տվեց Սիրիային, որի ընթացքում երկիրը պետք է ամբողջովին հրաժարվեր Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելուց։ Նույն թվականին Սիրիայի իշխանությունները երկրից վտարեցին Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին, ինչից հետո պետությունների միջեւ հարաբերությունները սկսեցին կարգավորվել։ 1998-ի հոկտեմբերի 20-ին ԱԳՆ-ի եւ ՆԳՆ-ի ղեկավարների ներկայացուցիչների բանակցություններն ավարտվեցին Ադանայում համատեղ արձանագրության եւ անվտանգության հարցերով համաձայնագրի ստորագրմամբ: 

Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման մասին՝ այնտեղ անվտանգային գոտի ստեղծելու նպատակով։ Այն պետք է պաշտպանական գոտի հանդիսանա թուրքական սահմանի համար։ Այդ շրջան, Անկարայի մտահղացմամբ, կարող են Թուրքիայից վերադառնալ սիրիացի փախստականները։ Դամասկոսն այդ գործողությունն անվանել է ագրեսիա, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։  

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները Սոչիում հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների հուշագիր են ընդունել։ Փաստաթղթի համաձայն՝ ռուսական զինվորական ոստիկանությունը եւ սիրիացի սահմանապահները հոկտեմբերի 13-ի կեսօրից դուրս են բերվել Թուրքիային սահմանակից շրջաններ անվտանգության 30 կիլոմետրանոց գոտում։ Հոկտեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ քրդերն ավարտել են իրենց զինված ստորաբաժանումների դուրսբերումն անվտանգության գոտուց։ Նոյեմբերի 1-ին ռուս եւ թուրք զինվորականներն իրականացրել են առաջին համատեղ պարեկումը Եփրատից արեւելք։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ