
Ես չգիտեմ՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մանկության շրջանում ստացած դաստիարակությունն իր արժեհամակարգով ինչպիսին է եղել, բայց եթե ազգային արժեքների ոտնահարման դեմ պայքարող երիտասարդներից որեւէ մեկին նա անվանում է անդաստիարակ, ուրեմն պարոն Հարությունյանը խնդիրը պետք է իր արժեհամակարգի մեջ փնտրի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը։
«Պարոն Հարությունյանը կոչ է անում Սփյուռքի մեր կառույցների ղեկավարներին գալ եւ տեր կանգնել հայաստանյան անդաստիարակ Դաշնակցականներին։ Ես պարոն Հարությունյանին վստահաբար կարող եմ ասել հետեւյալը՝ եթե Սփյուռքի մեր կառույցների ղեկավարները գան Հայաստան եւ ավելի մոտիկից ծանոթան այն ապազգային գործելաոճին, որ պարոն Հարությունյանը իրականացնում է կրթության ոլորտում, կհորդորեն հայաստանյան Դաշնակցական կառույցին ավելի վճռական լինել, իրենք քայլերում ավելի արմատական լինեն, օր առաջ պարոն Հարությունյանին եւ նման մտածելակերպ ունեցող գործիչներին դուրս մղել քաղաքականությունից, առհասարակ պետական կառավարման համակարգից»,-նշեց նա։
Աշոտ Սիմոնյանը հավաստիացրեց, որ դրսի եւ ներսի ՀՅԴ-ականների ջրբաժան գոյություն չունի․ «ՀՅԴ–ն իր գաղափարական առանցքով միասնական է եւ դրա վկայություն են վերջին 24 ժամվա աշխարահասփյուռ երիտասարդական եւ ուսանողական միությունների հայտարարություններն ու արձագանքները, որոնք միանում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության պայքարին»։