News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փաշինյանը չի ընդունում Կրթության նախարարության մոտ նստացույց անող երիտասարդների պահանջները։ Ցուցարարները մտադիր են իրենց պահանջները հասցնել տրամաբանական ավարտին։ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամները պախարակում են Արայիկ Հարությունյանի վարքը։ «Նա հակաօրինական ընթացքի մեջ է», ասում է Արծվիկ Մինասյանը։ Երկրորդ նախագահի փաստաբանական թիմը 9 բողոք է ուղարկել Եվրադատարան։ Ստրասբուրգից պատասխանը սպասվում է 2019-20 թվականների սահմանագծին։

Երկրաշարժ Իրանում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանում։ Անցած գիշեր Հայաստանի Սեյսմիկ ծառայությունը Իրանի տարածքում 5.9 մագնիտուդով եւ 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրել։ Էպիկենտրոնը Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ է ընկած, Մեղրիից 210 կմ հարավ-արեւելք: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հարավային շրջաններում եւ Երեւանում: Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ երկրաշարժից 5 մարդ զոհվել է, 120-ը վիրավորվել:

Արտգործնախարարություն ուղեւորվելիս վարչապետ Փաշինյանը ճանապարհին զրուցել է Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդ դաշնակցականների հետ, ասել, որ նրանց պահանջներից ու գնահատականներից ոչ մեկի հետ համամիտ չէ, և խիստ կասկածում է, որ հասարակությունն է համամիտ այդ պահանջներին։ Երիտասարդները դժգոհել են, որ Արայիկ Հարությունյանն իր հետ չհամաձայնող դաշնակցականներին անդաստիարակ է անվանել։ Փաշինյանը տարակուսել է, որ ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն արտահայտող մարդուն կարելի է անվանել անդաստիարակ, բանավիճել այն մասին, թե հայերը կովկասցի են, թե արիացի, վերջում էլ վերցրել է Արայիկ Հարությունյանի համար նախատեսված՝ մետրոյի ժետոնը՝ ի հիշատակ այսօրվա հանդիպման։

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդ դաշնակցականները գիշերել են նախարարության դիմաց։ Ըստ ցուցարարների ՝ ակցիայի նպատակը նախարարի հրաժարականն է, ուստի այն պետք է շարունակվի այդ տրամաբանությամբ։

Երիտասարդ դաշնակցականների ու Արծվիկ Մինասյանին Քննչական կոմիտե հրավիրելու միջեւ անուղղակի կապ կա, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Արայիկ Հարությունյանը փորձել է երիտասարդների ազնիվ ընդվզմանը որակավորումներ տալ այն դեպքում, երբ ոլորոտում իրականացվող քաղաքականության հիմնական շահառուները հենց նրանք են, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։ Շարադրելով նախարարի՝ օրենքով սահմանված գործառույթները, Մինասյանն ասել է՝ մարդը չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում՝ որտեղ է գտնվում, այն ինչ անում է նա, հակառակ է այդ գործառույթներին, ասինքն՝ ինքը գործում է հակաօրինական ընթացքով։ «Արայիկ Հարությունյանը ենթակա է քրեական պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի։ Նա երկու հոդվածի այլընտրանք ունի», ասել է Արծվիկ Մինասյանը։

Հայաստանի երկրորդ նախագահի գործով 9 բողոք է ներկայացվել Եվրադատարան, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Ըստ նրա՝ 5-6-ը գրանցված են։ «Սպասում ենք, որ որոշումը կլինի մինչեւ ընթացիկ տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- ասել է Արամ Օրբելյանը, նաեւ ընդգծել, որ ՄԻԵԴ որոշումը պետք է կատարվի, այլապես Հայաստանը կհայտնվի մոնիթորինգի տակ։

Միացյալ Նահանգները մեծ կարեւորություն է տալիս Մինսկի խմբի եռանախագահների հետ աշխատանքին եւ կողմերի հետ միասին առաջ է տանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորը՝ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ունեցած ելույթում ասել է, որ եկել է ժամանակը, որպեսզի հակամարտող երկրների բնակչությանը պատրաստեն խաղաղության։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ ստատուս-քվոն անընդունելի է։ ԱՄՆ-ը կողմ է Հելսինկյան եզրափակիչ ակտում արտացոլված սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը։

Ամերիկյան դոլարի փոխարժեքն աննշան նվազել է եւ կազմել 477.17 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է՝ կազմելով 526.75 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աննշան է նվազել եւ հասել է 611.21 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե չի փոխվել եւ կազմել է 7.47 դրամ։

Հայաստանի տարածքում նոյեմբերի 9-ին տեղումներ չեն լինի: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 4-ից 6 աստիճան զրոյից բարձր, վաղը ցերեկը՝ +18-ից +20։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ