News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը, հայտարարել է, թե ինքը վախենում է, որ իր որդին բանտում կմահանա «ինը տարվա հետապնդումից հետո այն բանի համար, որ համարձակվել է բացահայտել Միացյալ Նահանգների ռազմական հանցագործությունները», գրում է Daily Mail-ը:

Շիպտոնը Ժնեւում լրագրողներին հայտնել է, որ երկու օր առաջ այցելել է որդուն բրիտանական բանտում եւ ստիպված է եղել «բախվել դառը ճշմարտության հետ, որ նա կարող է մահանալ բանտում»:

«Դա հոր դառը հիասթափություն չէ: Դա ուղղակի փաստ է»,- ընդգծել է Ջոն Շիպտոնը:

Այն մասին, որ Ասանժի առողջական վիճակը սպառնալիքի տակ է, ավելի վաղ հաղորդել էր ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը:

Հատուկ զեկուցողը Մեծ Բրիտանիային կրկին կոչ էր արել Ասանժին չարտահանձնել ԱՄՆ եւ որքան հնարավոր է շուտ բաց թողնել նրան, որպեսզի Wikileaks-ի հիմնադիրը կարողանա սկսել լիարժեք բուժումը:

Wikileaks-ի հիմնադիրը 2010թ․ Շվեդիայում մեղադրվել է սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության համար։ Նա 2012թ․ հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով արտահանձնումից։ 2019թ․ ապրիլի 11-ի առավոտյան նրան կալանավորել են ԱՄՆ-ի հայցով։ Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար եւ դատապարտել է 11 ամսվա բանտարկության։ Արտահանձնման վերաբերյալ լսումները սկսվել են մայիսի 2-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ