News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ։

Իշխանությունը մտադիր է դատավորներին ներկայացվող տարիքային շեմն իջեցնել՝ 28-ից դարձնելով 25 տարեկան։ Ի՞նչ կարծիք ունեք։

Մենք ունենք փորձ, որ 27-28 տարեկան երիտասարդները զբաղեցնում են դատավորի պաշտոնը եւ շատ դրական կողմերով են իրենց դրսեւորել, սակայն, դա չի կարող  վերաբերել բոլոր դատավորներին, իսկ շեմի իջեցումը, կարծում եմ, բոլորի համար պարզ է, թե ինչու է արվում ՝ որ կարողանան թոշակի ուղարկած  դատավորներին փոխարինել երիտասարդ կադրերով։ Նկատի ունեմ, որ այդ երիտասարդներին   ունեն։

Այսինքն, վաղ կենսաթոշակի անցնող դատավորներին յուրայիններով փոխարինելու խնդի՞ր է դրվում։

Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը։ Եվ, ի վերջո, յուրայինը քաղաքական իշխանության համար ցանկալի դատավորն է՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կյանքի փորձ ունեն, ինչ ռեյտինգ ունեն։

Սա դատական իշխանության անկախության տեսանկյունից խնդրահարույց չէ՞։

Դուք հարց եք ուղղում դատական իշխանության անկախության մասին, բայց դատական իշխանությունն արդեն տարի ու կես է, անկախ չէ։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե երկրի վարչապետի կողմից  բացահայտ հրապարակային ճնշում է գործադրվում դատական իշխանության՝ դատարանների ու դատավորների նկատմամբ, ի՞նչ անկախության մասին է խոսքը։ Դրանից հետո պարզ չէ՞, որ դատավորները ստիպված են լինելու կատարել քաղաքական իշխանության պատվերները, անկախ նրանից՝ դա հնչեցվել է, թե ոչ։  Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ իմ որոշումից հետո վարչապետը  100 հազարանոց հանրահավաք է հրավիրում, որտեղ մատ է թափ  տալիս դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, բացահայտ  սպառնում է, բիրտ ճնշում է գործադրվում դատավորների եւ դատարանների նկատմամբ։ Ոչ պակաս բացահայտ ճնշում է գործադրվել դատավոր Դավիթ Գիգորյանի նկատմամբ իր որոշումից հետո։ Կներեք, բառացիորեն երեկ, իմ կողմից շատ հարգված մի դատավոր ինձ հարց ուղղեց, ասաց՝ եթե հիմա այդ որոշումը կայացնելիս  լինեիր, ռիսկ կանեի՞ր ազատել։ Պատկերացնո՞ւմ եք վախի մթնոլորտը դատական համակարգում։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, հիմա կամիկաձեներ են, անկախ դատավորը, որն այդ քայլին գնա, հիմա կամիկաձե կհամարվի։

Ենթադրում եմ, Ձեր որոշման մասով դիրքորոշումն անփոփո՞խ էր։

Իհարկե, բայց իմ պատասխանն այդ դատավորին երկրորդական է։ Ես ուզում եմ ասել, թե ինչ վախի մթնոլորտ է տիրում դատական համակարգում։ Ես վախի մասին եմ խոսում։ Իհարկե, իմ կայացրած որոշումը բեկանվեց Վճռաբեկ դատարանի կողմից, բայց ես այսօր էլ կարծում եմ, որ ես եմ ճիշտ որոշում կայացրել,  այլ ոչ թե ինձանից հետո  որոշում կայացրած դատավորները կամ դատարանները։ Այսօր էլ եմ պնդում, որ իմ որոշումն է օրինական եւ դա ժամանակի ընթացքում կապացուցվի։

Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո դատական համակարգն առավել, քան երբեւէ թիրախավորվեց։ Իհարկե, դատական իշխանությունից դժգոհություններ նախկինում էլ եղել են, բայց դրսեւորման ձեւերն անհամեմատելի են։ Ո՞րն եք համարում դատական մարմնի՝ որպես իրական անկախ իշխանության, կայացման ճանապարհի խոչընդոտը։

Գիտեք, որքան քիչ կախված լինի գործադիր եւ օրենսդիր իշխանությունից դատականը, այնքան ավելի ազատ կլինի, որքան քիչ կոռումպացված լինի դատավորը, այդքան նա  ազատ կլինի։ Պետք չէ բարդ մաթեմատիկական հաշվարկ անել։ Սա շատ հասարակ, պրիմիտիվ մոտեցում է  պահանջում՝ մի ՛ճնշեք դատարաններին։  Ձեզ թվում է, Նիկոլ Փաշինյանը պետք է ամիսը մեկ 100 հազարանոց հանրահավաք հրավիրի եւ սպառնա՞։ Երկու անգամ սպառնաց, բավական չէ՞։ Դատավորները խելացի անձնավորություն են, նրանց երկու անգամ սպառնացել են, կներեք բառի համար, բայց ամենատհաս դատավորի համար էլ պարզ է, թե  երկրի վարչապետը, օրինակ, կոնկրետ Քոչարյանի գործով ինչ է ակնկալում եւ ինչ է ուզում դատարաններից։

Այս համատեքստում, դատավոր Աննա Դանիբեկյանի ՝ օրերս կայացրած որոշումը ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, կարծում եք, այդ ճնշումների ազդեցության տա՞կ է եղել։

Այս տեսանկյունից ես իրավունք չունեմ մեկնաբանել ոչ դատավոր Դանիբեկյանի, ոչ Քոչարյանին կալանավորած մյուս դատավորների որոշումները։ Դա էթիկայի կանոններից դուրս է։ Ես կրկնում եմ՝ ճնշումներ եղել են, ճնշումներ կան։ Եթե կոնկրետ Քոչարյանի գործն ենք վերցնում, հուսամ, որ նրան կալանավորած դատավորները այդ ճնշման ազդեցության տակ չեն կայացրել իրենց որոշումները։

Պարոն Ազարյան, Դուք ինքներդ, քանիցս անձամբ թիրախավորվել եք՝ սոցցանցային տիրույթից մինչեւ Ձեր ատենախոսության հետ կապված հայտնի պատմությունը։ Նման մթնոլորտում ինչպե՞ս պետք է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման խնդիրը լուծվի, երբ ամենաբարձր օղակներից ամենավերջին որակումներն են տրվում դատավորներին։

Համակարգի վերաբերյալ վերջին բացասական արտահայտությունը Դուք, ե՞րբ եք լսել։ Հիմա ամեն ինչ նորմալ է՝ Քոչարյանին կալանավորում են, Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում են, Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդությունները մերժվում են, դատական համակարգը նորմալ է աշխատում, ինչի՞ մասին է խոսքը։  Այ, հենց տիկին Դանիբեկյանը փոխի խափանման միջոցը, ես վստահ եմ, որ դարձյալ կխոսեն վեթինգի, անցումային արդարադատության, կոռումպացված դատական համակարգի մասին։ Հիմա ամեն ինչ շատ նորմալ է։

Եվ վերջում, արդյո՞ք Սահմանադրական դատարանն է դատական իշխանության նկատմամբ անվստահության պատճառը։ Գաղտնիք չէ, որ հենց Սահմանադրական դատարանն է դարձել համակարգում ընթացող զարգացումների առանցքը։

Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր քավության նոխազը ունի։ Ժամանակին ես էի ամենակոռումպացված դատավորը, հետո Գրիգորյան Դավիթը դարձավ, հիմա Սահմանադրական դատարանի հերթն է։

Այսինքն, այս զարգացումներում է՞լ քաղաքական ենթատեքստեր եք տեսնում։

Միմիայն։ Գիտեք,  թող քաղաքական իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես չպահեն, որ անկողմնակալ  դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, որ նույն Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է  քաղաքական հետապնդում, թող քաղաքական իշխանությունները իրենց այնպես չպահեն, որ անկողմնակալ  դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ես իմ կարծիքը չեմ ասում, ես ներկայացնում եմ անկողմնակալ, կողքից ինձ դիմող քաղաքացիների կարծիքը, իսկ այդ քաղաքացիների կարծիքով նշված անձանց՝ Դավիթ Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, ամբողջ Սահմանադրական դատարանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Տպել
Ամենաշատ