News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր՝ նոյեմբերի 11-ին, շարունակում են օրեր առաջ հայտարարած դասադուլը՝ այս անգամ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Ուսանողները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջրկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Նրանք նոյեմբերի 6-ից դասադուլ են հայտարարել՝ պահանջելով օրինագծում վերանայել վիճահարույց այս կետը նաեւ  ստորագրահավաք են սկսել, որին միացել են նաեւ ուսանողներ մարզային բուհերից:

ԵՊՀ դասախոսները, որ գիտխորհրդի նիստում բացասական եզրակացություն են ներկայացրել նախարարության օրինագծին, նույնպես միացել են բողոքին, նրանք ուսանողների բողոքը արդարացի են համարում՝ պնդելով, որ  հայերենը բուհերում պետք է դասավանդվի, որպեսզի մասնագետները հետագայում կարողանան մասնագիտական հայերեն խոսել: Նրանց կարծիքով բուհերում հայերենի դասավանդման բացերը լրացնելու փոխարեն նախարարությունը նախընտրում է շրջանցել խնդիրները օրինագծի այս կետով:

Այսօրվա դասադուլի մասնակիցները Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքի մոտից պատրաստվում են երթով շարժվել դեպի ԿԳՄՍ նախարարության շենք, որտեղ Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչները երկու օրվա դադարից հետո վերսկսել են նոյեմբերի 6-ին հայտարարված նստացույցը Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Ըստ Դաշնակցականների՝ հրաժարականի պատճառները օրեցօր ավելանում են: Դրանցից է ոչ միայն բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը ոչ պարտադիր դարձնելու, այլ դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերելու առաջարկը, ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Այսօր ավելի ուշ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով  բողոքի ակցիա կանցկացնի նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ