News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները երթ են սկսել Երեւանի փողոցներով: Նրանք սկզբում հավաքվեցին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դիմաց, ապա երթով շարժվեցին համալսարանի կենտրոնական մասնաշենք, որից հետո մտադիր են Խանջյան փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով քայլերթով միանալու են ՀՅԴ երիտասարդական թեւին, որն ակցիա է իրականացնում ԿԳՄՍ շենքի դիմաց: Երթն ընթանում է այլ բուհերի մոտով, ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց: Նրանք նշեցին, որ տեղեկություններ ունեն, որ ուսանողների նկատմամբ ճնշումներ կան, նրանց վախեցնում են բացակաների թվով, ասելով, որ բացակաների մեծ թվի դեպքում կհեռացվեն: կազմակերպիչները նշել են նաեւ, որ Բժշկական համալսարանի դռները փակվել են, որ ուսանողները չմիանան երթին (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները դասադուլ են հայտարարել: Ակցիայի կազմակերխպիչներից Գեւորգ Գյուլումյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Հույս ունեինք, որ հանգստյան օրերը Արայիկ Հարությունյանին կօգնեն ճիշտ որոշում կայացնելու, բայց ստացվեց այնպես, որ նա երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ, իրեն թվում է, որ այստեղ քաղաքական ենթատեքստ կա, հակակառավարական ակցիա է: Դա միայն իրեն թվում է: Մենք պահանջում ենք, որ Արայիկ Հարությունյանը հեռանա, կամ գործի ըստ էության:

Մենք հիմա միայն լեզվի ժամերի համար չենք պայքարում, որովհետեւ հիմա մեր ազգային դիմագիծը խզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով, մենք չպետք է լռենք»:

Այդ աղետը, ըստ նրա արտահայտվում է նրանով, որ ազգայինը հետ է մղվում, 20 մլն դրամ է հատկացվել Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար. «Հիմա, երբ նախարարն ասում է՝ այդ ֆիլմը քննադատողները հետադիմության առաջամարտիկներ են, մեղմ ասած, առողջ դատողություն չէ, սխալ է»:

Ուսանողը հավելեց, որ տեղեկացել է, որ իրենց ակցիային միանում են նաեւ Շիրակի պետհամալսարանի ուսանողները, նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունն է ակցիա կազմակերպելու այսօր:

Պատմության ֆակուլտետից մի ուսանողուհի նշեց, որ Արայիկ Հարությունյանը ազգային չէ, իր արժեհամակարգը չի համապատասխանում իմ պատկերացրածին:

Մեկ այլ ուսանողուհի էլ ասաց, որ Արայիկ Հարությունյանը ֆինանսավորում է տարբեր ոչ հայկական, սատանիստական կազմակերպությունների, դրա համար է ինքը միացել ակցիային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ուսանողները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Նրանք նոյեմբերի 6-ից դասադուլ են հայտարարել՝ պահանջելով օրինագծում վերանայել վիճահարույց այս կետը նաեւ  ստորագրահավաք են սկսել, որին միացել են նաեւ ուսանողներ մարզային բուհերից:

Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչները երկու օրվա դադարից հետո այսօր վերսկսել են նոյեմբերի 6-ին հայտարարված նստացույցը Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Այսօր ավելի ուշ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով  բողոքի ակցիա կանցկացնի նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ