News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆունկցիան վերցնի իր վրա կամ կառավարության վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց դաշնակցության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին եւ վարչապետի այն հայտարարությանը, թե կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է:

«Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա: Բայց առայժմ կա հնարավորություն, որ այդ քաղաքականությունը փոխի: Մենք չենք ուզում այս մոտեցումը սեւ ու սպիտակի բաժանել հասարակությունը, բայց եթե այդ դաշտ են մղում, պետք է բացատրեն իրենց հակազգային պահվածքը, թիրախը, ուղղորդումը որտեղից է գալիս»,-ասաց նա:

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՅԴ երիտասարդների բերած դատարկ արկղերը լցնելու է կրթության ոլորտում ՀՅԴ-ի գործունեության հետ կապված քրեական գործերով եւ հետ ուղարկի, Արծվիկ Մինասյանն ասաց. «Մենք պահանջել ենք, որ Արայիկ Հարությունյանը, եթե կան այդպիսի հանցագործություններ, ներկայացնի, հակառակ դեպքում՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի սուտ մատնության համար: կամ առնվազն հասարակությունը պետք է իմանա, որ սրանք քաղաքական հնարքներ, մանիպուլյացիաներ են: Նա պարզապես օդում հայտարարություններ է անում, որպեսզի ցույց տա, թե իբր կա լուրջ բան եւ այլն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ երիտասարդական միությունը 4 օր առաջվանից նստացույց է սկսել ԿԳՄՍ նախարարության դիմաց եւ պահանջում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իր հերթին նույն պահանջով դասադուլ են հայտարարել ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները, որոնք այսօր երթով շրջել են այլ բուհերով եւ կոչ արել միանալ իրենց պայքարին:

Ուսանողները ստորագրահավաք են սկսել, որին իրենց տեղեկացմամբ միացել է 800 ուսանող: Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով  բողոքի ակցիա է անցկացնում նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը:

Նշենք, որ բոլոր այս ակցիաների մասնակիցները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջրկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Նիկոլ Փաշինյանը դեռ ուրբաթ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշել է, որ չի կիսում նրանց տեսակետները, իսկ կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ