News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Հայրենականում խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար զոհված հայ մարտիկների ու սպաների մասին ռուսական աղբյուրները խիստ փոքր թիվ են ներկայացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, 2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին Արցախի առաջատար քաղաքական ուժի կողմից հայտարարված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ կոչով դիմելով ՀՀ ԱԳ նախարարին եւ շահագրգիռ մարմիններին, պատմական այդ խեղաթյուրված փաստը վերանայելու խնդրանքով:

«Շուտով կլրանա Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած փառավոր հաղթանակի 75-ամյակը, որին հայ ժողովրդի պատկառելի մասնակցության մասին բոլորս գիտենք: Փաստագիտական աղբյուրների վկայությամբ՝ խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ են զոհվել: Իսկ որոշ աղբյուրների պնդմամբ՝ զոհերի եւ անհետ կորածների թիվը անցնում է 314 հազարը:

Սակայն, որքան էլ ցավալի է, ռուսական աղբյուրներում նշվում է, որ զոհերի թիվը Հայաստանից կազմել է ընդամենը 83 700 (Տես հետեւյալ հղումով): Նույն խնդիրն առկա է նաեւ խորհրդային նախկին այլ պետությունների մասով, որն, ըստ իս, ոչ թե դիտավորյալ աշխատանքի հետեւանք է, այլ համապատասխան մարմինների միջեւ ոչ պատշաճ համագործակցության:

Այս մասին դեռեւս իմ վարչապետության շրջանում ՀՀ մեր գործընկերների հետ հանդիպումներիս ժամանակ տարբեր առիթներով բազմիցս բարձրաձայնել եմ, սակայն ոչ մի արդյունք:

Երեկ մամուլում կարդացի, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը եւ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երեւանում ներկա են գտնվել Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Առիթն օգտագործելով՝ հրապարակավ ցանկանում եմ դիմել պարոն Մնացականյանին եւ բոլոր շահագրգիռ կառույցներին պատմական այդ խեղաթյուրված փաստը վերանայելու խնդրանքով: Կարծում եմ՝ գոնե 75 տարի անց, հայ ժողովրդի համար խիստ կարեւոր այս ճշմարտությունը վերականգնելով, մեր պապերի հիշատակին մեծ տուրք մատուցած կլինենք»,- նշել է Ա. Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ