Հոկտեմբերի 21-ից մայրաքաղաքում մեկնարկել է աշնանային էտը: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է բնակիչներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ դրա հետեւանքով վնասվում:
«Մենք տեղազննում ենք կատարում, արդյունքները ներկայացնում բնապահպանության վարչություն, փորձագետները մոտենում են, միասին նայում ենք, տալիս են եզրակացություն՝ ենթակա՞ է ծառը հատման, թե՞ երիտասարդացման, եւ որոշումից հետո նոր շարունակում ենք գործընթացը»,- նշում է «Արաբկիր կամար» ՓԲԸ տնօրեն Հովսեփ Հովսեփյանը:
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը վարչական շրջանների առջեւ պահանջ է դրել. խոր էտի են ենթարկվում միայն ծեր եւ վթարային ծառերը:
«Ընդհանուր առմամբ աշնան ընթացքում նախատեսված է շուրջ 7000 ծառ ենթարկել էտի: Ասեմ նաեւ, որ էտի տարբեր եղանակներ են ներկայումս կիրառվում. ձեւավորման էտ, սանիտարական էտ, կանաչ էտ եւ խոր էտ»,- ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Մաքսապետյանը:
«Ընդհանրապես խոր էտ կատարվում է այն ժամանակ, երբ տվյալ տեսակի ծառը գերհասունանում է եւ գագաթից սկսում չորանալ, այսինքն՝ դրա եւ արմատի կումուլիատիվ կապը խախտվում է: Դա իրականում կոչվում է երիտասարդացում, որը մեզ մոտ ընդունված է անվանել «խոր էտ»,- իր հերթին նշում է կենսաբանական գիտությունների թեկնածու Արծվին Գրիգորյանը:
Իրականացնե՞լ խորը էտ, թե՞ ոչ: Այս հարցում մասնագետները միակարծիք չեն: Երեւանի քաղաքապետարանում հրավիրված բազմակողմ քննարկումը միասնական լուծում գտնելու նպատակով էր:
«Բնակիչը դիմել է՝ պետք է կտրենք, բայց այդ ծառը երեք տարի առաջ էտի է ենթարկվել: Ես կցանկանայի հետագա աշխատանքներում սա հաշվի առնենք»,- ասում է գյուղատնտես Մելս Գալստյանը:
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Գեւորգ Նավասարդյանն էլ ասում է. «Ցանկացած հատման ենթակա ծառի պարագայում կցվում է նկարը, նոր միայն պատասխան տրամադրվում բնակչին: Այստեղ մոտեցումը ամեն մի ծառի վերաբերյալ է»:
«Ծառը հավասարակշռության սկզբունքով է աշխատում, չի կարելի վերցնել եւ հեռացնել որոշակի մասը սաղարթի եւ թողնել այդ բունն այդպես տկլոր: Արմատային համակարգը չի հասկանում, թե ընդհանրապես որտեղից է նա վերականգնվելու եւ սնուցվելու, որովհետեւ տերեւներից է ծառը սնուցում ստանում: Մենք պետք է միասին նստենք եւ հասկանանք՝ ինչ է պետք անել, եւ գուցե մեր քաղաքացիներին էլ իրազեկենք, որ 30 տարվա սխալ աշխատանքի հետեւանքով արդեն ստեղծվել է այդ իրավիճակը, եւ մենք հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, որ միգուցե էտը պետք է կիրառենք a, b, c, d իրավիճակներում»,- նկատում է բնապահպանական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը:
Մի շարք փողոցներում գարնանը բոլոր ծառերն են խոր էտի ենթարկվել, այսօր արդեն պատկերն այսպիսին է:
«Հրաչյա Քոչար փողոցի այն հատվածում, որտեղ գարնանը կատարել ենք խոր էտ, տեսեք, թե ինչ սաղարթ է ձեւավորված»,- նշում է Սուրեն Մաքսապետյանը:
Մասնագետների մոտեցումը հստակ է նաեւ մայրաքաղաքում առկա չորացած եւ վթարային ծառերի պարագայում: Աշնանային էտի ընթացքում կհատվի շուրջ 250 ծառ:
«Սանիտարական հատումն էլ է պետք, որովհետեւ, եթե դրանք չկատարենք կամ որոշ դեպքերում խոր էտ չիրականացնենք, կարող են վատ իրադրությունների ականատեսը դառնալ. ծառերի տապալում, կոտրված ճյուղեր...»,- ասում է Արծվին Գրիգորյանը:
Երեւանում էտին զուգահեռ կգույքագրվեն նաեւ բոլոր խնդիրները: Կստեղծվի ոլորտի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որն էլ կմշակի ու կներկայացնի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ քաղաքի համար:
Աշնանային էտը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 25-ը: