News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ՀՅԴ-ի երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գեւորգյանը եւ միության մի քանի անդամներ դիմում հանձնեցին ԿԳՄՍ նախարարությանը եւ ՀՀ դատախազությանը։

Դիմումն ուղղված է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Դիմումը վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, թե նախարարի համար նախորդ ակցիաների ժամանակ ՀՅԴ երիտասարդական միության անդամների բերած դատարկ արկղերը ինքը լցնելու է ակցիայի մասնակիցների վերաբերյալ քրեական գործերով։ Երիտասարդները ցանկանում են իմանալ՝ արդյոք նախարարությունն այս պահին ունի՞ քրեական գործերի վերաբերյալ հստակ տեղեկություններ։

«Կասկածներ ունենք, որ պարոն Հարությունյանը ստում է։ Դիմում ենք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ հասկանալու համար արդյոք կա՞ նման գործընթաց, թե ոչ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ երիտասարդական միությունը 4 օր առաջվանից նստացույց է սկսել ԿԳՄՍ նախարարության դիմաց եւ պահանջում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իր հերթին նույն պահանջով դասադուլ են հայտարարել ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները, որոնք այսօր երթով շրջել են այլ բուհերով եւ կոչ արել միանալ իրենց պայքարին:

Ուսանողները ստորագրահավաք են սկսել, որին իրենց տեղեկացմամբ միացել է 800 ուսանող: Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով  բողոքի ակցիա են անցկացնում նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը եւ «Ադեկվադ» կուսակցության անդամները։

Նշենք, որ բոլոր այս ակցիաների մասնակիցները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջրկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Նիկոլ Փաշինյանը դեռ ուրբաթ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշել է, որ չի կիսում նրանց տեսակետները, իսկ կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է:

Տպել
Ամենաշատ