News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ծաղկի շուկայի մոտից հոկտեմբերի 17-ին բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու առթիվ նախապատրաստվող նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի հատկանիշներով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

NEWS.am-ի հետ զրույցում բերման ենթարկված քաղաքացիների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ 5 քաղաքացիները ճանաչվել են տուժող:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հինգ քաղաքացիներ հոկտեմբերի 17–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու եւ  իրենց նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի կապակցությամբ դիմել են ՀՔԾ։ Քաղաքացիների դիմում-բողոքն ընդունվել է վարույթ։

Մասնավորապես, Կարեն Ղազարյանը հայտնել է, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից, մի խումբ անձինք բռնության կիրառմամբ իր «Porshe Cayenne» մակնիշի ավտոմեքենայով իրեն, ինչպես նաեւ այլ մեքենաներով մի քանի քաղաքացիների, տարել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:

Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանությունում իրենից պահանջել են, որ ասի, թե իբր մարզադաշտի հարակից տարածքի ծաղկավաճառներից գումարներ է շորթել եւ տարել տվել ինչ–որ անձի եւ ասի, թե ում է տվել: Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարում, ավելին, հրաժարվել է նման հայտարարություն անելուց եւ գրելուց, այդ անձանց ցուցումով իրեն այդտեղ տարած դիմակավորված անձինք, իրեն հայհոյել եւ ծեծի են ենթարկել, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք:

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից Կարեն Ղազարյանին, եւ ծեծելով փորձել ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել են, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից մի քանի անձի բերման են ենթարկել՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ