News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ներկա իշխանությունը ցույց է տալիս իր ռեպրեսիվ վարքագիծը՝ ամեն անգամ փորձելով դիմել իրենց ոչ հաճո քաղաքական ուժին, անհատին լռեցնելու ռեպրեսիվ մեթոդների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամների դիմումը ՀՀ դատախազությանն ու ԿԳՄՍ նախարարությանը անպատասխան է մնալու ․ «Ես վստահ եմ, որ չի էլ լինելու պատասխան»։

ՀՅԴ անդամի կարծիքով՝ իշխանության քաղաքական վարքագիծը արժեհամակարգային պայքար է․ «Երբ վերլուծում ես նոր քաղաքական ուժի կամ, այսպես ասած, նոր Հայաստանի քաղաքական վարքագիծը, որը ներառում է այս 1.5 տարին, սա ուղղակի արժեհամակարգային պայքար է, եւ այնպիսի տպավորություն է, որ այս նոր իշխանություններն ալերգիա ունեն այն ամենի նկատմամբ, ինչն ազգային է։ Այս իշխանությունները դիտավորյալ, ծրագրված քաղաքականություն ունեն՝ նվաստացնել այն ամենը, ինչն ազգային է»։

Լիլիթ Գալստյանի կարծիքով՝ ԿԳՄՍ նախարարության քայլերը պատահական չեն․ «Սրանք մեր ինքնությունը, ոգին թուլացնելու ծրագրեր են։ Շատ ավելի վատ է ԿԳՄՍՆ-ի համար, եթե ունեին փաստեր անօրինական գործունեության մասին, ուրեմն ինչո՞ւ էին դրանք կոծկել, ինչը նույնպես քրեորեն պատժելի է: Այս ամենը տեղավորվում է գործող քաղաքական ուժի ռեպրեսիվ գործիքակազմի շրջանակում: Ինչպե՞ս կարելի է մի երկրում, որտեղ մշակույթն ունի ահռելի դերակատարում, որպես ինքնությունը սնուցող աղբյուր չկարեւորվել մշակույթը, որը քաղաքացի-ազգային պետականություն կերտող ամենամեծ աղբյուրն է: Հետո տեսանք նաեւ, որ ազգային ինստիտուտների դեմ կա ուղղորդված շարժում: Սա քաղաքական ծրագիր է՝ կոտրելու մեր մեջքը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը պատերազմ է հայտարարել ազգայինին»։

Նշենք, որ ուսանողների ակցիային են միացել ՀՅԴ երիտասարդական միության անդամները, «Ադեկվադ» կուսակցությունը, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը եւ «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները։

«ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է այդ ակցիային մասնակցելու որպես անհատ․ «Ես ավելի վաղ այստեղ եկել էի՝ որպես անհատ, լսել էի ուսանողներին, իրենց ասելիքն էի փոխանցել ՎԵՏՕ-ի՝ այսօր տեղի ունեցած խորհրդի նիստին, եւ խորհրդի նիստում այսօր որոշում կայացվեց ամբողջությամբ աջակցել այս բողոքի ցույցերին, ցուցաբերել մասնակցություն՝ ֆիզիկական ներկայությունից մինչեւ կազմակերպչական աշխատանքների աջակցում։ Ակցիայի կազմակերպիչների հետ կքննարկենք իրենց հետագա հարցերը, ու անգամ  պատրաստ են հերթապահել իրենց հետ, պատրաստ ենք գիշերել այստեղ, մնալ այստեղ գիշեր-ցերեկ: Չեմ կարծում, որ մենք ինչ-որ բանով առավել ենք այն մարդկանցից, ովքեր այս հարցը բարձրացնում են»։

Մալյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը՝ որպես նախարար, տապալել է կրթական ոլորտը․ «Նրան պետք է դուրս շպրտել պետական համակարգից վայրկյան առաջ։ Դեռ հունիսին ՎԵՏՕ-ն հրապարակել էր, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի, նաեւ «Սորոսի» կողմից: Արայիկ Հարությունյանը աշխատավարձ է ստացել Ջորջ Սորոսից՝ աշխատելով նրա հիմնադրած գրասենյակում: Նրա փոխնախարարը՝ Արեւիկ Անափիոսյանը եւս: Այս մարդկանց Աստվածը «Սորոսից» ստացած իրենց գումարներն են»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ երիտասարդական միությունը նստացույց է սկսել ԿԳՄՍ նախարարության դիմաց եւ պահանջում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իր հերթին նույն պահանջով դասադուլ են հայտարարել ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները, որոնք այսօր երթով շրջել են այլ բուհերով եւ կոչ արել միանալ իրենց պայքարին:

Ուսանողները ստորագրահավաք են սկսել, որին իրենց տեղեկացմամբ միացել է 800 ուսանող: Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով  բողոքի ակցիա են անցկացնում նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը եւ «Ադեկվադ» կուսակցության անդամները։

Նշենք, որ բոլոր այս ակցիաների մասնակիցները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Նիկոլ Փաշինյանը դեռ ուրբաթ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշել է, որ չի կիսում նրանց տեսակետները, իսկ կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է:

Ավելի ուշ` երեկոյան, նստացույցի վայր այցելեցին մշակութի գործիչներ, որոնց հետ մշակույթի ոլորտի ընդհանուր վիճակի վերաբեյալ քննարկում տեղի ունեցավ: Ակցիայի մասնակիցների մի մասը հեռացավ նախարարության շենքի մոտից, մի մասը կգիշերի այնտեղ: Վաղը առավոտյան բողոքի իրազեկման հերթական երթն է նախատեսվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շենքի մոտից:

Տպել
Ամենաշատ