News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դրանից հետո պետությունը «Հայապակի» գործարանը տարել  է սնանկացման, արդյունքում՝ հիմնարկությունը վաճառել է երրորդ անձի, որը Նազիկ Ամիրյանի հետ կապ չունի, Ամիրյանը կապ չունի նաեւ վաճառքի գործընթացի հետ: Այս մասին այսօր՝  նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ  Մանվել  Գրիգորյանի կնոջ՝  Նազիկ Ամիրյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։

Նշենք, որ ըստ հարուցված քրեական գործի՝  Նազիկ Ամիրյանը խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ ավելի քան 571 մլն դրամ արժողությամբ պետական գույքը` փաստացի ոտնահարելով գործարանի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերերի իրավունքները: Գործարանի կանոնադրական կապիտալը 2001թ.-ի դրությամբ կառավարությունը  գնահատել է  717 մլն դրամ, Նազիկ Ամիրյանին պատկանել  է գործարանի 80 տոկոսը՝  574 մլն արժողությամբ:

«Գործարանը վաճառքի պահին եղել է թալանված վիճակում: Դա հանրահայտ փաստ է, ցանկացած լիազոր մարմին, ցանկության դեպքում, եթե մի փոքր աշխատի, կտեսնի, որ դա այդպես է: Երբ մեր վստահորդը գնել է գործարանը, այն եղել է պարտքերի մեջ թաղված վիճակում, նա վերցրել է պարտավորություն, որ պայմանագրով երեւացող պարտքերը հատուցի եւ ներդրումներ կատարի: Գործարանը գնելուց անմիջապես հետո տարբեր տեղերից հայտնվում են պարտատերեր՝ սկսած աշխատողներից, որոնք չեն երեւացել պայմանագրի մեջ, վերջացրած այլ պարտատերերով»,- ասել է Լեւոն Բաղդասարյանը։

Ամիրյանի մյուս փաստաբանը՝ Գուրգեն Գրիգորյանն էլ նշել է, որ այդ գործարանի կանոնադրական կապիտալի մեջ մեծ արժեք ունի մի գույք, որը 1992-ին ներմուծվել է Հայաստան, եւ մինչեւ հիմա, գտնվում է գործարանում․ «Մեկ րոպե անգամ չի աշխատել, քանի որ ի սկզբանե վնասված է եղել, հաշվեկշռում նստած է եղել, բայց չի օգտագործվել։ Չեն հաշվում 140 մլն-ը, որը Նազիկ Ամիրյանը վճարել է գործարանը գնելու համար, չեն հաշվում 180 մլն ներդրումը գործարանի աշխատանքի համար։ Ոչ ոք չի ասում, որ այդ չվճարված հարկերն ու կուտակված աշխատավարձերը Նազիկ Ամիրյանը չի ավելացրել, դա հենց այդպես վաճառվել են իրեն, բայց դրանք մարվել են: Ճիշտ է, ոչ ամբողջությամբ, քանի որ հարկերը ամբողջությամբ վճարել չէր կարող, դրանք տարիներով կուտակված են եղել, շատ-շատ են եղել»։

Լեւոն Բաղդասրյանի խոսքով՝ հարուցված քրեական գործը կեղծ է, Նազիկ Ամիրյանն էլ անմեղ է․ «Մեր վստահորդը, որպեսզի կարողանա հնարավորինս պահել գործարանը, երբ սկսել են մասնատել  ու վաճառել, օրենքով սահմանված կարգով բացել է ընկերություն, եւ այն մասը, որը վաճառելու էին երրորդ անձի, ինքն է գնել: Կրկին ցանկացել է ներդրումներ անել, դիմել է ամեն տեղ, չեն օգնել: Անցել է 15 տարի, որոշել են, որ սնանկությունը կեղծ է եղել, պետական լիազոր մարմինը, ըստ երեւույթին, գործարքի է գնացել, եւ փորձում են մեր վստահորդին մեղադրել մի բանի մեջ, որի մեջ ինքը չկա: Հերթական հնարովի քրեական գործը, որով փորձում են հասարակությանը ներկայացնել մի բան, որն իրականում գոյություն չունի։ Եթե այսօրվա գործադիր իշխանությունը նպատակ ունի օբյեկտիվ գնահատական տալ, պետք է հետ գնա եւ տա հետեւյալ  հարցի պատասխանը՝ ո՞րն է եղել պատճառը, որ հաշվեկշռում նստած է եղել մոտ 800 մլն դրամի գույք, բայց իրականում եղել է թալանված գործարան: Վերցրին, 90-ականներին գործարանը պետական ամենաբարձր մակարդակով թալանեցին, ինչից հետո վաճառեցին շուկայական գնով: Պետք է ճշտեն՝ շուկայական արժեքը համապատասխանո՞ւմ էր դրան, ինչով վաճառեցին, թե՞ ոչ, եւ ճշտեն, ո՞րն է եղել պատճառը, որ բալանսային արժեքը մի 10 անգամ ավելի բարձր է եղել, քան շուկայական գինը»։

Տպել
Ամենաշատ