News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2018թ․ Հայաստանում իշխանափոխությունից հետո երկուշաբթի օրն առաջին անգամ հանրապետություն պաշտոնական այցով ժամանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվել են մեծ մասամբ «նախահեղափոխական» օրակարգի հարցեր, մասնավորապես՝ լեռնայինղարաբաղյան կարգավորումը։ Լրագրողներին հետաքրքրում էր այն հուշագրի ճակատագիրը, որը ռուս մասնագետների համար երաշխավորում էր հայկական այն կենսալաբորատորիաների հասանելիությունը, որոնք ստեղծվել են Պենտագոնի փողերով, գրում է «Կոմերսանտը»։

Թերթի տվյալներով, Մոսկվայի համար սկզբունքորեն շատ կարեւոր այդ փաստաթղթի ստորագրումը կարող է տեղի ունենալ մինչեւ տարվա վերջը։

«Սերգեյ Լավրովի այցը Երեւան առաջին հայացքից նման է Հայաստանի մայրաքաղաք նրա նախորդ բոլոր այցերին։ Երկուշաբթի վաղ առավոտյան նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ եւ ջրել մի քանի տարի առաջ այնտեղ՝ հուշահամալիրի այգում տնկած եղեւնին, այնուհետեւ հանդիպումներ է անցկացրել երկրի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ։ Սակայն ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի համար, որն իր պաշտոնը զբաղեցնում է անցյալ տարվա մայիսից, այս այցը հատուկ էր՝ նա մի քանի անգամ շեշտադրեց, որ Սերգեյ Լավրովին Երեւանում առաջին անգամ է ընդունում։

«Մեր հարաբերություններն այնքան խորն ու բովանդակալից են, որ բարդ է նկարագրել դրանք մեկ բառով»,- բանակցությունների ժամանակ հայտարարեց հայ նախարարը։ «Ամեն ինչի մասին հնարավոր չէ խոսել նույնիսկ ամբողջ օրվա ընթացքում»,- գործընկերոջ հետ համաձայնեց Սերգեյ Լավրովը։ Նա նաեւ բարձր գնահատեց Հայաստանի հետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ 2018թ․ մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն չորս անգամ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ առաջիններից մեկն էր արձագանքել հաջորդ տարի մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը մասնակցելու նրա հրավերին։

Նախօրեին երկու նախարարները միասին Հանրապետության հրապարակում գտնվող Ազգային պատկերասրահում բացել էին Հաղթանակի տարելիցին նվիրված ցուցահանդեսը։ Միջոցառման ժամանակ նրանց ելույթներից պարզ էր դարձել, որ «պատմությունը վերաշարադրելու» փորձերը, որոնք այդքան վրդովեցնում են Մոսկվային վերջին տարիներին, վրդովեցնում են նաեւ Երեւանին։

Հայաստանի ԱԳՆ-ում բանակցություններից հետո երկուշաբթի օրը տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսը ուղեկցվում էր խուլ գվվոցով, որ ներթափանցում էր փակ դռների հետեւից՝ կառվարական տան մոտ աստիճաններին տեղավորվել էին նստացույցի մասնակիցները, որոնք հարվածում էին թմբուկներին եւ վուվուզելներ փչում։ Իմիջիայլոց, բողոքը հասցեագրված էր ոչ թե Զոհրաբ Մնացականյանին, այլեւ կառավարությունում նրա գործընկեր, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։ Երկու նախարարություններն էլ տեղակայված են միեւնույն կառավարական համալիրում, եւ ցույցի մասնակիցները բողոքում էին նախարարի վերջերս արված առաջարկությունների դեմ, ըստ որոնց, օրինակ, ոչ հումանիտար բուհերից պետք է հանել հայոց լեզվի եւ գրականության ուսուցումը, իսկ դպրոցական ծրագրից՝ հայ եկեղեցու պատմությունը։

Բանակցությունների արդյունքներով Սերգեյ Լավրովը եւ նրա գործընկերը ստորագրեցին 2020-2021թթ․ միջարտգործնախարարական խորհրդատվությունների ծրագիրը։ Սակայն Ռուսաստանից եւ Հայաստանից մամուլի ասուլիսին մասնակցող լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր մեկ այլ փաստաթուղթ։ Ինչպես նախկինում հայտնել էր «Ъ»-ն, ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցի ժամանակ պլանավորվում էր ստորագրել հուշագիր, որը կերաշխավորի ռուս մասնագետների, այդ թվում՝ զինվորականների համար Հայաստանի այն կենսալաբորատորիաների հասանելիությունը, որոնք ստեղծվել են Պենտագոնի փողերով։ Սակայն Երեւանում ստորագրման արարողություն արդյունքում չի կայացել։ Ի դեպ, «Ъ»-ի տվյալներով, այն կարող է մինչեւ տարվա վերջը կայանալ։

«Ընդհանուր առմամբ, հուշագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, փաստաթուղթը միջգերատեսչական համաձայնություն է անցնում,- պատմեց ՌԴ ԱԳ նախարարը,- Հուսով ենք, որ մոտ ապագայում այն կստորագրվի, դա կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության լրացուցիչ հնարավորություն կընձեռի»։ Սերգեյ Լավրովի խոսքերով, Ռուսաստանը «շատ տարիներ» փորձում է կենսաբանական թունավոր զենքի կոնվենցիայի շրջանակներում վավերացնող մեխանիզմ ստեղծել, «սակայն ամերիկյան գործընկերները նախընտրում են խուսափել նման պայմանավորվածությունից եւ ամեն ինչ տանում են նրան, որ ամբողջ աշխարհում երկկողմ հիմունքներով  ստեղեն լաբորատորիաներ՝ իրենց հարմարեցված»։ «Բնականաբար, մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ ոլորտում մեր դաշնակիցների՝ Հայաստանի եւ այլ գործընկերների հետ լինի լիարժեք եւ փոխադարձ թափանցիկություն»,- հավելեց նա։ Նրա հայ գործընկերոջը մնում էր միայն հաստատել, որ խոսքը «Հայաստանի կենսաբանական անվտանգության» մասին է եւ «ավելի լայն համատեքստում անվտանգության մասին»։

Անխուսափելի եւ առայժմ անլուծելի է, մասնավորապես Լեռնային ղարաբաղի թեման։ Զոհրաբ Մնացականյանը հավաստիացրեց, որ Երեւանը բարձր է գնահատում Ղարաբաղի հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը։ Սերգեյ Լավրովն, իր հերթին, ընդգծեց․ «տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ վեճերի բացառապես խաղաղ կարգավորման  սկզբունքներն ամրապնդված են փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք քննարկվում են կողմերի միջեւ։ Եւ վերջնական որոշումը պետք է հաշվի առնի բոլոր այդ սկզբունքները։ Սրան դեմ չեն ո՛չ Երեւանը, ոչ Բաքուն»։ «Եվ հետո․․․ Դիվանագիտական հմտությունը՝ դա փոխզիջումների պատրաստակամություն է»,- ակնարկեց ՌԴ ԱԳ նախարարը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ