News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սպիտակ տուն է ժամանում ԱՄՆ եւ Թուրքիայի հարաբերությունների լարվածության ֆոնին, հայտնում է Washington Examiner-ը: 

Սակայն այդ լարվածությունն ամենից ավելի կզգացվի 200 մղոն հյուսիս Պոկոնո լեռներում, որտեղ բնակվում է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որն իր առջեւ խնդիր է դրել ամբողջ աշխարհում միլիոնավոր հետեւորդների քարոզել իսլամի չափավոր, արդիականացված դեմքը, կամ մարդ, որը մտադիր է Էրդողանին տապալել՝ կախված ձեր տեսակետից:

Տարիներ շարունակ Էրդողանը փորձել է հասնել հոգեւորականի հանձնմանը: Եվ հիմա՝ Սիրիայի հյուսիս-արեւելքի վրա Անկարայի հարձակումից, ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքներից հետո, Գյուլենի կողմնակիցները վախենում են, որ նա կարող է մեծ խաղում խաղաքար դառնալ:

«Մենք անչափ մտահոգ ենք,- ասել է Հանուն ընդհանուր արժեքների դաշինքի գործադիր տնօրեն եւ Գյուլենի դաշնակից Ալփ Ասլանդողանը: - Մենք գիտենք, որ Վաշինգտոնի համար անչափ կարեւոր են ամերիկա-թուրքական հարաբերությունները: Թուրքիան շատ արժեքավոր ակտիվներ ունի եւ նպաստում է կարեւոր գործողություններին, եւ մենք անչափ մտահոգ ենք, որ Էրդողանի կառավարությունը սա որպես լծակ է օգտագործում քաղաքական ցանկությունների իրականացման համար»:

ԱՄՆ-ում Գյուլենը քիչ է հայտնի, նրան երբեք չեն տեսել Սեյլորսբուրգի իր կալվածքի սահմաններից դուրս, որտեղ բնակվում է 1999 թվականից:

Չնայած զսպվածությանը, նրա ներկայությունն առնչվել է Թրամփի շրջապատին եւ ստվեր նետել տարածաշրջանային քաղաքականության վրա:

Թուրքիան պնդում է, որ Գյուլենը եղել է 2016 թվականի չհաջողված պետական հեղաշրջման ղեկավարը: Ասալնդողանն ասել է, որ Գյուլենը մշտապես հերքել է հեղաշրջմանը որեւէ մասնակցությունը եւ պատրաստ է ենթարկվել միջազգային անկախ քննությանը: «Դա ցուցադրական հեղաշրջում էր՝ կոչված ծածկույթ ապահովելու հակառակորդների զտման համար»,- կարծում է նա:

Մարշալի գերմանական հիմնադրամի ավագ գիտաշխատող Նիք Դանֆորթը կարծում է, որ Գյուլենի կողմնակիցները ներառված են եղել հեղաշրջման մեջ եւ գուցե ղեկավար դեր են խաղացել։

«Այնուամենայնիվ, թուրքական կառավարությունը կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել, որոնք իրեն՝ Գյուլենին կկապեին անմիջականորեն հեղաշրջման հետ, եւ որոնք անհրաժեշտ կլինեին ԱՄՆ դատարանում՝ նրա արտահանձնումն ապահովելու համար»,- ասել է նա։

Էրդողանը ազդեցիկ դաշնակիցներ է գտել՝ հետապնդելով ճգնավոր հոգեւորականին։

Թրամփի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը եղել է Էրդողանի կառավարության հետ կապված գործարարի լոբբիստը։ Ընտրությունների օրվան նվիրված հոդվածում նա Գյուլենին անվանել է «արմատական իսլամիստ»։

Ֆլինի հեռացումը չի խանգարել փաստաբան Ռուդի Ջուլիանիին հետագայում զբաղվել այդ գործով՝ հաճախ բարձրացնելով հարցը Սպիտակ տուն այցելությունների ժամանակ։

Անցած տարի ի հայտ եկան տեղեկություններ այն մասին, որ Թրամփի աշխատակազմը դիտարկում է Գյուլենի արտահանձնման հնարավորությունը՝ Մերձավոր Արեւելքում հարաբերությունների կարգավորման համար։ Բայց գրին քարտ եւ ԱՄՆ-ում կեցության իրավունք ունեցող Գյուլենին օգտագործելու պլանը՝ Էրդողանին համոզելու համար թուլացնել ճնշումը Սաուդյան Արաբիայի վրա լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո, հաջողությամբ չպսակվեց։

Այնուամենայնիվ, տարածաշրջանային փորձագետներն ակնկալում են, որ հարցը նորից կբարձրացվի Թրամփի եւ Էրդողանի հանդիպման ժամանակ։

Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է նաեւ այլ խնդիրներով։

Ներկայացուցիչների պալատը վերջերս զայրացրեց Անկարային՝ պաշտոնապես Ցեղասպանություն ճանաչելով 1,5 մլն հայերի կոտորածը 1915 թվականին։ Իսկ կիրակի Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասաց, որ Թուրքիայի հանդեպ կկիրառվեն պատժամիջոցներ, եթե վերջինը չհրաժարվի ռուսական Ս-400 համակարգերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ