News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բողոքի ակցիա իրականացնող ուսանողները դասախոսներից լսել են, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է արել՝ ուսանողների հետ որեւէ երկխոսության գալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԵՊՀ-ի շենքի դիմաց ասաց ուսանող Գեւորգ Գյուլումյանը։

«Արայիկ Հարությունյանը սեղանի շուրջ խնդիրը լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի։ Մենք ամեն օրվա հետ դառնալու ենք ավելի բազմամարդ։ Ծաղրողներին ուզում եմ հարց տալ՝ դուք որ մի հավաք կազմակերպեք, գոնե ձեր ընտանիքի անդամները ձեր կողքին կկանգնե՞ն։ Պաշտոնապես դիմում եմ ԵՊՀ դասախոսական կազմին․ հարգելի դասախոսներ, մենք դուրս ենք եկել փողոց՝ պաշտպանելու այն արժեքները, որոնք դուք եք մեզ փոխանցել, լեզուն, կրոնն ու պատմությունը։ Մեզ այս պայքարում մենակ մի թողեք, սա միայն մեր պայքարը չէ, դուք եք մեզ փոխանցել, եկեք տեր կանգնեք»,- ասաց Գեւորգ Գյուլումյանը։

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն էլ ասաց, որ իրենց պայքարը չի վերածվելու կուսակցության պայքարի․

«Մեր պայքարը երիտասարդական, ուսանողական պայքար է։ Մեր պայքարը «Հայոց լեզվի», «Հայ գրականության», «Հայոց պատմության» եւ «Հայոց եկեղեցու» համար է։ Չեմ կարծում, որ այստեղ մեր ուսանողների մեջ կան մարդիկ, որոնց հաճելի է, երբ իր վճարած հարկերից, պետբյուջեից 20 միլիոն դրամ գումար է հատկացվում համասեռամոլի համար ֆիլմ նկարելուն։ Երբ համասեռամոլին նախարարի մակարդակով ընդունում ու ճանապարհում են։ Տղերք, սա մեր թասիբի հարցն է»։ 

ՀՅԴ անդամը դիմեց Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներին, ԵՊՀ-ի դասախոսական կազմին․ «Ձեզ փորձում են գործազուրկ դարձնել։ Եթե դպրոցներից հանեն այդ առարկան, ապա դուք որտե՞ղ եք աշխատելու։ Մեզ նախարարն անդաստիարակ է անվանում, մենք ձեր դաստիարակությունն ենք ստացել, փաստորեն ձեր դաստիարակությունն այս նախարարի համար ոչ մի արժեք չունի։ Սա նաեւ ձեր թասիբի հարցն է։Պատմության ֆակուլտետի ուսանողներ, երանի, որ Թաթուլ Կրպեյանն այս ամենը չի տեսնում։ Թաթուլ Կրպեյանը, որ Գետնաշենում՝ թշնամու կրակոցի տակ «Հայոց պատմություն» դասավանդելը զենք էր համարում թշնամու դեմ, օգտագործում էր որպես վահան՝ մեր պաշտպանության համար։Թաթուլ Կրպեյանը երբեք չէր պատկերացնի, որ ազատ, անկախ Հայաստանում կգա մի օր, որ մի նախարարը անպտան դա կհամարի»։

Նրանց ելույթից հետո ուսանողները ԵՊՀ-ի շենքի բակից քայլերթ սկսեցին՝ մյուս համալսարանների կողքով, եւ վերջում պատրաստվում են միանալ  ՀՅԴ-ի երիտասարդական միության անդամներին։

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ին դասադուլ էին հայտարարել՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Դրան հաջորդող օրը երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Տպել
Ամենաշատ