News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, երբ քննարկվում էր «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի Վիճաբանությունից հետո «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը։

Լրագրողների հարցին, թե ինչի՞ հետ էր կապված դահլիճը լքելը, տարբեր պատգամավորներ իրար հակասող պատասխաններ տվեցին։

Նախ, պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, թե լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում, իսկ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ասաց, որ որեւէ խնդիր չի եղել: «Արարատ Միրզոյանի եւ Գեւորգ Պետրոսյանի հետ կապված հարցը չենք քննարկել, պարզապես բարձր տոնով են խոսել միմյանց հետ: ԱԺ-ի նիստերի ժամանակ եւս բարձր տոնով են խոսում»,- ասաց Սիմիդյանը եւ հավելեց, որ Վարդան Աթաբեկյանի հետ ինչ-որ հարցեր է քննարկել, եւ լուրջ բան չկա:

Նա ասաց, որ դահլիճ լքելը Գեւորգ Պետրոսյանի հետ չէր կապված։ Ի դեպ, լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտելով մտնում խմբակցություն։

Լրագրողների դիտարկմանը, որ բարձր ձայներ են լսվել, «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանն ասաց. «Քվեարկությունը վերջացրեցինք, դուրս եկանք, սենյակում հետեւում ենք: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, աշխատանքային գործընթաց է»: Բոլոր պատգամավորները հերքեցին, թե հրմշտոց է եղել ներսում:

Հիշեցնենք, որ նախագծով Գեւորգ Պետրոսյանն առաջարկել էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում եւ արգելել նույնասեռականների եւ սեռափոխված անձերի ամուսնության գրանցումը, ինչն ԱԺ-ն չընդգրկեց նիստերի օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ