News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

29-ամյա Արթուր Օսիպյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, հացադուլ է հայտարարել գլխավոր դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով վերանայել իր եղբոր կալանքը, քանի որ նա է իրենց ընտանիքի միակ աշխատողը։ 29-ամյա տղան, որի մոտ տարիներ առաջ 4-րդ փուլի ՄԻԱՎ է հայտնաբերվել, գլխուղեղի մի քանի հիվանդություն, վաղ առավոտից անվասայլակով գլխավոր դատախազության շենքի առջեւ է՝ «մահացու հիվանդ եմ, հրաժարվում եմ իմ մահացու դեղերից» գրությամբ պաստառով։

«Ես մահացու հիվանդ եմ, չեմ կարողանում շարժվել, ողնաշարս քարացել է, չեմ զգում, դեղեր եմ խմում ամբողջ օրը․ եթե չխմեմ՝ ընկնում եմ կոմայի մեջ։ Եղբայրս մեր տան միակ հաց բերողն էր, հիմա ինքը կալանավայրում է, ես չգիտեմ՝ էլ ինչ անեմ, մնացել է հացադուլը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ հիվանդությունները ձեռք է բերել կալանավայրում․«Բռնվելիս առողջ եմ եկել, իրենց մեղքով եմ վարակվել բերդում։ Իսկ գլխուղեղի ուռուցքը ստացել եմ ձերբակալվելուց ծեծվելիս»։

Արթուրը եւ եղբայրը՝ Ռոբերտը, 10 տարի առաջ մեղավոր են ճանաչվել մարդասպանության համար եւ դատապարտվել համապատասխանաբար 12 եւ 10 տարվա ազատազրկման։ Արթուրը ունեցած հիվանդությունների՝ կալանքի հետ անհամատեղելիության հիմքով ազատ է արձակվել 3 տարի առաջ, դրանից մեկ տարի անց էլ վաղաժամկետ ազատ է արձակվել եղբայրը։ Դատախազը բողոք է ներկայացրել եղբոր գործով, 1 տարի 8 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո երկու ամիս առաջ վերջինս կրկին ազատազրկվել է։

«Չորրորդ ամիսն է՝ բերդում է, 5 ամիս էլ կա մինչեւ ազատ արձակվելը։ Ազատության մեջ եղած ժամանակ աշխատում էր առաքիչ, մեզ պահում էր։ Հիմա նորից կալանավորել են,  սովամահ ա լինում եղբայրը։ Թող իմ տղային հենց հիմա ազատեն, մեր միակ խնամողն է»,- NEWS.am-ին ասաց Արթուրի մայրը՝ Ռուզաննա Մկրտչյանը։

Արթուրին եւ նրա մորը դատախազությունից տեղեկացրին, որ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը ուրբաթ օրը պատրաստ է նրանց ընդունելու։

Տպել
Ամենաշատ