News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չվերադարձավ նիստերի դահլիճ, «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ ասացին, թե Պետրոսյանն ԱԺ-ից գնացել է Գագիկ Ծառուկյանի հետ` նշելով, որ Ծառուկյանը գուցե նրա հետ շատ լուրջ խոսակցություն ունի՝ կապված ԱԺ-ում նրա հայտարարությունների հետ:

Այս առնչությամբ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գեւորգ Պետրոսյանը Ծառուկյանի հետ չի գնացել, այլ Դեմիրճյան փողոցում ուներ հանդիպում, ուստի դահլիճից դուրս է եկել եւ գնացել է այդ հանդիպմանը:

Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորներից մեկը վստահություն հայտնեց, որ Ծառուկյանը շատ լուրջ խոսակցություն է ունենում Գեւորգ Պետրոսյանի հետ, Արման Աբովյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչու են մեր գործընկերներ նման ենթադրություն արել, թե Ծառուկյանը Պետրոսյանի հետ լուրջ խոսելիք ունի, գուցե նրանցից հարցնեք, ես չգիտեմ»:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ Գեւորգ Պետրոսյանն իր նախագծերով արջի ծառայություն է մատուցում Գագիկ Ծառուկյանին, Արման Աբովյանը նկատեց. «Գոյություն ունեն տարբեր տեսակետներ, եւ յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր տեսակետը հայտնել: Հիմա ես զերծ կմնամ մեկնաբանել՝ ով ում ինչ ծառայություններ է մատուցում: Կարող եմ ասել մի բան, որ ԲՀԿ-ն լիովին կիսում է պարոն Պետրոսյանի դիրքորոշումը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք բարձրացրել է նա: Պետք չէ փնտրել ենթատեքստեր այս կամ այն կողմից, գոյություն ունի հստակ ու պարզ դիրքորոշում: Մենք մեր դիրքորոշումն արտահայտեցինք, մեր գործընկերները՝ իրենցը, լարված խոսակցություն էր: Այստեղ արտառոց բան չեմ տեսնում»:

Հարցին, թե իրենք կիսո՞ւմ են Գեւորգ Պետրոսյանի տեսակետ, թե գողականներն իրենց ոչ մի վնաս չեն տալիս, Արման Աբովյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ երբ այդ օրինագիծը կգա ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այն ժամանակ իրենք իրենց տեսակետը կհայտնեն. «Յուրաքանչյուր հանցագործություն կատարող պետք է պատժվի: Ավելին, գոյություն ունի հանցագործությունների ցանկ, որոնք պետք է ավելի խստացվեն»:

Տպել