News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության հակուլտետների դասախոսների համատեղ նիստում ընդամենը 3 դեմով հայտարարություն է ընդունվել, որով միանում են ուսանողական ակցիային եւ մեկօրյա գործադուլ են հայտարարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը՝ հավելելով, որ խոսքը շուրջ 50 դասախոսի մասին է:

«Սա նախազգուշական գործադուլ է:  Մեր ուսանողների դասադուլի հետեւում չկա որեւէ քաղաքական ուժ, ուսանողները դասադուլը ձեռնարկել են ինքնաբուխ: Ուսանողներին դասադուլի հրահրել է նախարարությունը՝ հրապարակ նետած նախագծի աշխատանքային տարբերակով: Այսօրվա գործադուլը եւս հարկադրված է եւ դրան հանգեցրել է այդ վիճահարույց դրույթը»,-ասաց նա՝ հավելելով, որ համալսարանում ընդհանրապես նախարարի հրաժարականի հարց չի քննարկվում:

«Խոսքը հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին է: Այս ընթացքում աղավաղվում է ուսանողների շարժումը, դրա համար մենք որոշեցինք կանգնել ուսանողների կողքին»,-ընդգծեց դասախոսը:

Նա հավելեց, որ որոշ մարդկանց ելույթներից հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, թե հայագիտական ամբիոններն այսքան տարի զբաղվել են ձրիակերությամբ. «Մենք գիտնական ենք, մենք դաս սերտել տվողներ չենք եւ հասկանում ենք մեր առջեւ ծառացած խնդիրները: Հայագիտությունը չի գտնվում արկածախնդիրների, պատահական մարդկանց, մաֆիոզների ձեռքում: Այն գտնվում է արհեստավարժ գիտնականների ձեռքում եւ մենք գիտենք, թե ինչպես զարգացնենք հայագիտական առարկաները»,-ընդգծեց Ռիտա Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Տպել
Ամենաշատ