News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այո, պարոն վարչապետ, լուսանցքում մնացել են երկրիդ գիտնականները, գիտության առաջ տանող ուժը, ազգի սերուցքը եւ հիմա հարց՝ ինչո՞ւ պետք է ՀՀ գիտնականը մնա լուսանցքում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը՝ հավելելով, որ դասախոսների մեկօրյա նախազգուշական գործադուլի նպատակն է նաեւ ցույց տալ երկրի ղեկավարությանը, որ գիտնականները մնացել են լուսանցքում:

«Այսօր ես արդեն իմ անունից պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը`միլիոն ու կես, լավ, մենք համեստ ենք, մեզ վճարեք մեկ միլիոն դրամ, իսկ մյուս 500 հազարը վճարեք մեր խեղճ ու կրակ ուսուցիչներին: Մեզ՝ գիտնականներիս մի սարքեք ծամոն հանրության բերանին, որ մենք անբան ենք, որ մենք լափում ենք պետության բյուջեն, որ կաշառակեր ենք, մի՛ պիտակավորեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Տպել
Ամենաշատ