News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եվրոպայի եռակի չեմպիոն Մելինե Դալուզյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանության ներքո է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ:

Վարչապետն ասաց, որ իրեն չեն զեկուցել ֆիլմի ֆինանսավորման մասին, սակայն ինքը ողջունում է ֆիլմի ստեղծման եւ՛ գաղափարը, եւ՛ ֆինանսավորման գործընթացը։

«Ո՞ւմ մասին է խոսքը. մի մարդու մասին, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր, որի ռեկորդը մինչեւ հիմա շարունակում է գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը 3 անգամ բարձրացվել է, եւ հիմնը 3 անգամ հնչել է։ Մարդն ունեցել է պրոբլեմ, որն ամենեւին նորություն չէ մեր իրականության մեջ, եւ նույնիսկ մեր բառապաշարի մեջ այդ պրոբլեմը, որը ունի բժշկական պարամետրեր, այդ պրոբլեմը նկարագրող բառ կա, որը ես հիմա չեմ կրկնի, քանի որ ժամանակի ընթացքում վիրավորական կոնտեքստ է ձեռք բերել։ Մարդն այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին։ Հետո հասկացել է, որ այդ պրոբլեմը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից թողնել հեռանալն է»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այն կարծիքին, որ եթե «Աստված նրան այդպես է ստեղծել», չի կարելի փոխել սեռը, Փաշինյանն ասաց. «Երեխեք կան՝ սրտի արատով են ծնվում, դե Աստված այդպես է ստեղծել, եկեք չբուժենք»։

Վարչապետն ընդգծեց՝ ինքը շատ գոհ է, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը, քանի որ բարոյահոգեբանական առումով չմասնակցել այդ ֆիլմին՝ խարան է Հայաստանի եւ Կառավարության ճակատին․ «Այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ։ Այսինքն՝ եթե մարդն իր վաստակով լրիվ համապատասխանում է՝ պոպուլյար էն ծիծակ կոշիկներից է հագնում, մենք իր հետ պրոբլեմ չունենք։ Բայց երբ ինքը խնդիր ունի, ունի տառապանք, եւ իր միջավայրում այդ տառապանքը անընդհատ կտրում, բաց վերքի մեջ աղ են լցնում եւ ստիպում իրեն, որ թողնի գնա, մենք խաչ ենք քաշում իր վրա։ Ոնց որ ասեն՝ սրտի վիրահատության մասին ֆիլմ մի ցույց տվեք, թե չէ կգնան սրտի վիրահատություն կանեն, կույրաղիքի վիրահատությունը գաղտնի պահեք, քանի որ կույրաղիքի վիրահատությունները համատարած կլինեն»։

Վարչապետը Էժանագին պրոպագանդա անվանեց Դալուզյանի մասին ֆիլմի դեմ բողոքները. «Ես դա համարում եմ կոռուպցիոն տաշտակից զրկված, լափամանից զրկվածների պրոպագանդա, որոնք ուզում են բոլոր հնարավոր միջոցները օգտագործե, որ այդ լափամանին նորից մոտ գան, մոտ չեն գալու, քանի որ նախ այդ լափամանը չկա, մեջը լափն էլ չկա։ Եթե հարց է գնում, թե ով պետք է ապրի Հայաստանում, ուրեմն բոլոր կոռուպցիոներները, երկիր թալանածները, ընտրություն կեղծածները չարիք են Հայաստանի համար։ Թույլ չեմ տա Հայաստանի դրոշը բարձրացրած մարդուն գցել ոտքերի տակ։ Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ